Լ. Ալեքսանյան. «Ազնավուրի հարցազրույցը ազգի խնդիրներով մտահոգ մարդու հարցազրույց էր»
«Շառլ Ազնավուրի հարցազրույցը ես համարում եմ շատ անկեղծ, պետության, ազգի խնդիրներով մտահոգ մարդու հարցազրույց: Այս երկրի հետ կապված «ամակ», այս բառն եմ ուզում օգտագործել, ունեցող մարդն իրավունք ուներ այդ տիպի հարցազրույց տալ և քիչ մարդիկ այսօր այդ իրավունքը կունենային»,- անդրադառնալով օրերս աշխարհահռչակ շանսոնիյե Շառլ Ազնավուրի` «Նովել դ'Աղմենի» ամսագրին տված հարցազրույցին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Նա նշեց, որ այսօր անկեղծ խոսքի կարիք շատ կա, քանի որ քաղաքական գործիչներից շատերը` խուսափելով շահարկումներից, չեն կարող ասել այն, ինչ մտածում են:
«Թեև քաղաքական գնահատական կար, բայց ես նրա խոսքը դիտում եմ ոչ թե որպես քաղաքական գործչի խոսք, այլ հայ մարդու, մտահոգ մարդու անկեղծ խոսք, որն այդպիսի բաներ ասելու ոչ մի քաղաքական շահագրգռվածություն չունի»,- հավելեց բանախոսը:
Ասուլիսին ներկա էր նաև ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն, ով Ազնավուրի հարցազրույցի հետ կապված` համաձայնեց ԱԺ պատգամավորի հետ ու նշեց. «Ցեղասպանության մասով այն ուղղված էր ավելի շուտ սփյուռքահայությանը, և հատկապես այն քաղաքական ուժերին, ովքեր ցեղասպանությունը դարձրել են պարզապես իրենց մակաբուծության հարմար օբյեկտ և դրա միջոցով հարցեր են լուծում իրենց քաղաքական ներկան ապահովելու համար»:
Այնուհետև անդրադառնալով տարածաշրջան կատարած այցի ժամանակ Սարկոզիի արած հայտարարություններին, Ա. Մելիքյանն ասաց, որ ցեղասպանության խնդիրը Թուրքիայի խոցելի տեղն է և Սարկոզին Թուրքիայի` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արած հայտարարություններով թե ներքին, թե արտաքին հարցեր է լուծում:
Լ. Ալեքսանյանն էլ հավելեց, որ Սարկոզիի` Հայաստանում գտնվելու այդ ամբողջ գործընթացից երևում էր, որ նա ուզում է շահել հայերի համակրանքը: Այդ տարրը կար, բայց բովանդակային առումով, նա արտահայտում էր ամբողջ Եվրոպայի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: