Ա.Բախշյան. Հայաստանը գնում է համընդհանուր ներառական կրթության. Համապատասխան օրինագիծը շուտով կներկայացվի ԱԺ
Առաջիկայում Կրթության նախարարությունը Ազգային Ժողովին կներկայացնի օրենքի մի նախագիծ, որը միտված է Հայաստանում հանրակրթությունը համընդհանուր հայտարարելու ներառական.
«Կարծում եմ այն արդեն մոտ ժամանակներս կլինի խորհրդարանում և ասեմ, որ այլ կերպ, քան հեղափոխական քայլ մեր երկրի համար այս օրինագիծը ես որակել չեմ կարող»,- Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
Ներառական կրթությունն իրենից ներկայացնում է մի ծրագիր, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ ու կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար: Հայաստանում այս գաղափարը ներդրվել է 1999թ-ին, իսկ Ա.Բախշյանը, ով այդ ժամանակ թիվ 27 դպրոցի տնօրենն էր, իր վրա է զգացել դրա ներդրման դժվարությունները` զուտ տեխնիկապես, այլ ոչ թե հոգեբանորեն պատրաստված չլինելու պատճառով: Թեև ի սկզբանե կողմնակից է եղել դրան, իսկ դժվարություններն էլ, ինչպես այսօր նա նշում է, ժամանակի ընթացքում հարթվեցին:
Ա.Բախշյանի խոսքերով, նշված օրինագիծը մատնանշում է մի շատ կարևոր բան` երեխան որտեղ ապրում է, այնտեղ էլ պետք է դպրոց գնա ու սովորի և պետությունը պետք է այդ դպրոցում իր համար պայման ապահովի.
«Դա դժվա՞ր է, շատ փո՞ղ է պահանջում` ոչ: Ոչ, դա միայն կամք է պահանջում: Պետք է դնել այդ նորմը մեր գլուխներում, անջատիչը փոխել այդ կոճակի ` ներառական կրթության վրա , իսկ մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կգա ու ստեղծի պայմանները»,- շեշտեց պատգամավորը:
Հիշում է իր առաջին փորձը` 1999թ-ին հենակներով -քայլակով առաջին աղջկան է ընդունել դպրոց ու թեև 30 տարվա մանկավարժ է եղել, բայց, ընդգծում է, փաստացի չգիտեր, թե ինչ ասել է հաշմանդամ երեխա: Բայց դժվարություններից եկավ գիտակցում, որ այդ երեխան դպրոցն ավարտեց իր ուժերով, մինչդեռ ԲՍՓ կազմակերպության կողմից այդ երեխայի համար տրված փաստաթղթում գրված էր, թե նա սովորելու ընդունակ չի.
«Այդ տեսակ հանցագործ մի նախադասություն, բժշկական մոդելի վրա հիմնված կրթություն, որն աշխարհն այսօր մերժում է: Աշխարհն այսօր գնում է այլ ուղղությամբ` բերել երեխային և սոցիալացնել , հասարակության անդամ դարձնել այնքանով, ինչքանով ինքը կարող է: Իսկ իմ փորձը ասում է ` չսովորող երեխա չկա»,- նշեց տիկին Բախշյանը:
Հեղափոխական այդ օրենքի մշակմանը, ինչպես որակեց մեր զրուցակիցը, վերջինս մասնակցել է առաջին իսկ օրվանից: Կարևոր դրույթներից մեկը, որ ամրագրվելու է նաև այն է, որ երեխայի գնահատման 10 միավորման համակարգում բացասական թվանշան չի լինելու` բոլորը դրական են լինելու.
«Երեխան իր գիտելիքների համապատասխան չափորոշիչով գնահատվելու է և այդ գնահատականով տեղափոխվելու իր հասակակիցների հետ միասին, այսինքն` չի մնալու նույն դասարանում: Հիմնական դպրոցը պարտադիր ավարտելու է, իսկ ավագ դպրոցը գնալու է արդեն իր չափորոշիչներով»:
Պատգամավորը նշեց նաև, որ երբ չորս տարի առաջ «Ժառանգության» կուսակցական ծրագիրն էր գրում ու ամրագրում, որ, օրինակ, անհրաժեշտ է Հայաստանում ապահովել «յուրաքանչյուր երեխայի կրթություն ապահովող միջավայր» կամ «Կրթության մասին» օրենքով կրթությունից դուրս մնալն անօրինական դիտարկել, հաշմանդամ և այլ անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերը հոգալ և այլն, ապա գուցե թերահավատորեն էր մոտենում դրանց կյանքի կոչման հեռանկարներին.
«Մտածում էի` է~, սա ե՞րբ կլինի Հայաստանում… Բայց այսօր ուրախ եմ, որ Հայաստանի կրթական համակարգում, Կրթության նախարարության հետ համագործակցությունը բխում է ՀՀ-ում ներառական կրթության քաղաքականության տարածման շահերից»: Այլ կերպ ասած, կուսակցական ծրագրում ամրագրված թերևս ամենակարևոր, բայց և խոցելի ` երեխաների պաշտպանության ոլորտում ասելիք, ինչպես նաև անելիք ունեցել է.
«Մնում է միայն նոր այս օրենքը, որը վերջնականապես կամրագրի ներառական հանըմդհանուր կրթություն մեր երկրում, չուշանա»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ի հավելում նշենք, որ սեպտեմբերի երկրորդ կեսին տիկին Բախշյանը մասնակցություն է ունեցել Մոսկվայում UNICEF-ի տարածքային գրասենյակի կողմից կազմակերպված մի համաժողովի, որը նվիրված էր ներառական կրթության գաղափարախոսության կյանքի կոչմանը ԱՊՀ երկրներում: Ու ոչ միայն մասնակցել, այլև պարզել, որ, փաստորեն, ԽՍՀՄ նախկին երկրների թվում Հայաստանը թերևս դեռ միակն է, որ այդքան առաջընթաց է ապահովել սկսած 1999թ-ից, մինչդեռ, օրինակ, հարևան Ադրբեջանում ներառական կրթության գաղափարը կյանքի պետք է փորձեն կոչել միայն 2012թ-ից սկսած: Սա, ըստ Բախշյանի, Հայաստանի կրթական համակարգի փայլուն հաղթանակ կարելի է որակել:
Նշենք նաև, որ 2011թ. դրությամբ Հայաստանում` Երևանում և մարզերում, գործում է 60 ներառական դպրոց, որտեղ սովորում է կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քանի 1400 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա