«Զուգահեռների հատում». Ժամանակակից արվեստի միջազգային սեմինարը՝ Երևանում
Հոկտեմբերի 14-16-ը Երևանում կընթանա «Զուգահեռների հատում» ժամանակակից արվեստի միջազգային սեմինարը, որի շրջանակում նախատեսվում են արվեստին նվիրված տեսական մի շարք քննարկումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ:
Իրենց փորձն ու գործունեությունը Երևանի գործընկերներին կներկայացնեն Վրաստանի և Գերմանիայի ժամանակակից արվեստի գործիչները` Սոֆիա Տաբաթաձեն, Վաթո Ծերեթելին, Վիբկե Բերենսը և Բերիթ Ֆիշերը: Իրենց հերթին, Հայաստանի արվեստի դաշտում կենսափորձ ունեցող մասնագետները (Նազարեթ Կարոյան, Սուսաննա Գյուլամիրյան, Ռուբեն Արևշատյան, Ազատ Սարգսյան, Աննա Բարսեղյան) և արվեստագետների «Արտ-լաբորատորիա» խումբը կներկայացնեն իրենց փորձառությունը:
Միջոցառումը կայանում է Գյոթեի անվան ինստիտուտի «Culture and development» ծրագրի «Competence Center for cultural managers» ենթածրագրի շրջանակներում: Միջոցառման գլխավոր գործընկերն է Գյոթե ինստիտուտը, գործընկերներն են` Անտարես մեդիա հոլդինգը, New Society for Visual Arts-ը (Բեռլին), AICA-Հայաստանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Աջակիցներն են` «The Other Possible Worlds - Proposals on this Side of Utopia» համադրողական խումբը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը եւ «The Club»-ը: Սեմինարը նախաձեռնել է անկախ համադրող Եվա Խաչատրյանը: Այս մասին հայտնում են կազմակերպիչները:
Սեմինարի ամփոփիչ հանդիպման ընթացքում կքննարկվի արվեստի հաստատությունների միջև միջազգային ցանցի ստեղծման խնդիրը: Ըստ նախնական մտահղացման` ցանցը հիմնված է լինելու համագործակցության, ինքնակազմակերպվող նմանատիպ հաստատությունների և կոլեկտիվների միջև փորձի փոխանակության վրա: Համատեղ ջանքերով ստեղծվելու են ծրագրեր, որոնք իրենց հերթին նպաստելու են ցանցի զարգացմանը: Դրանցից մեկը ցանցի մասնակից երկրներում արվեստագետների եւ համադրողների համար արվեստի կացարանի (art residency) ծրագրի իրականացումն է: Տարբեր երկրների մասնագետների (արվեստագետների և համադրողների) շարունակական փոխանակումը կնպաստի միջմշակութային կապերի զարգացմանը եւ ժամանակակից արվեստի ինստիտուցիոնալ բազմազանությանը: Ցանցի հիմնադիր անդամ երկրները կլինեն Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները