Ռոման Բերեզովսկի. «Այո, մենք արժանի էինք երկրորդ տեղին»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Սովետսկի սպորտ» թերթի թղթակցին տված հարցազրույցում պատմել է Իռլանդիայի ընտրանու հետ խաղում իրեն խաղադաշտից անարդարացիորեն հեռացնելու մասին:
- Ի՞նչ է զգում անարդարացիորեն դատվածը,- հարցնում եմ Ռոմանին, ով պատրաստվում է իր կարիերայում ոչ ամենահասարակ հարցազրույցին:
- Երբ տեսա կարմիր քարտը, ցնցում տարա: Նայելով մրցավարին` միայն կրկնում էի` «Նոու, նոու»:
- Ստրեսային վիճակից դուրս գալու Ձեր միջոցը ո՞րն է:
- Հետդարձի ճանապարհին ինքնաթիռում Պելևինին էի լսում: Բայց նման իրավիճակում դժվար էր ընկալել տեքստը, միևնույն է, մտածում էի ֆուտբոլի մասին: Անքուն գիշեր անցկացրեցի: Սկզբում երկար սպասեցինք այն ֆուտբոլիստներին, ովքեր կանչվել էին դոպինգ-տեստ հանձնելու: Այնուհետև` թռիչք: Ծանր էր բոլոր առումներով:
- Հանդերձարանում լաց եղե՞լ եք:
- Իռլանդիայում ես չեմ արտասվել: Բոլորն էլ տեսան, որ իրավացի էի: Հոգեկան ինքնախոշտանգման գագաթնակետին հասա առավոտյան, երբ հասանք Երևան: Օդանավակայանում ես զգացի հուսահատության ահավորությունը:
- Իսկ ի՞նչ էր կատարվում Երևանում:
- Մարդիկ էին հավաքվել, ծափահարում էին մեզ, կարծես հաղթել էինք: Տխրեցի մինչև հոգուս խորքը: Եվ այդ պահին ես հասկացա, թե ինչքան են տխրել մեր երկրպագուները:
- Եկեք քայլ առ քայլ առաջ գնանք. Ձեզ հեռացրեցին, հետո ի՞նչ եղավ:
- Ես ևս մեկ անգամ ասացի նրան (մրցավարին-խմբ.), որ խախտում չի եղել, գնդակը դիպել է կրծքիս: Եվ հեռացա: Ուզում էի կանգնել, կողքից հետևել խաղին: Պահապանները բացատրեցին, որ ես իրավունք չունեմ այդտեղ կանգնել: Գնացի հանդերձարան, լողացա: Իսկ երբ վերադարձա, ինձ արդեն այլ կերպ էին վերաբերվում: Անծանոթ մարդիկ էին մոտենում և ներողություն էին խնդրում: Նրանք, հավանաբար, դիտել էին տեսագրությունը: Բարեհոգաբար հրավիրեցին տրիբունա: Լավ տեղ հատկացրեցին ինձ: «Կոկա-կոլա կամ ինչ-որ մեկ այլ բան ցանկանո՞ւմ եք»,- հարցնում էին նրանք: Ես տեսնում էի, որ ինձ շրջապատող մարդիկ իմ հեռացման պատճառով վատ են զգում իրենց:
- Իսկ մրցավարների՞ն…
- Խաղից հետո փորձ արվեց բացատրվել նրանց հետ, բայց անհաջող: Մեր ֆեդերացիայի ներկայացուցիչներն ուզում էին ինչ-որ բան բացատրել նրանց: Սակայն գլխավոր մրցավարը հրաժարվեց շփումից, կտրուկ տոնով ինչ-որ բան պատասխանեց, թույլ չտվեց շեմքից առաջ անցնել` շրխկացնելով դուռը: Ես չէի մասնակցում այդ փորձին: Շատ վատ էի զգում, որ արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել: Մրցավարներն ընդհանրապես համարժեք չէին իրենց դրսևորում, եթե վերլուծենք նրանց որոշումները: Ասում են` դա Գոնսալեսի միջազգային վերջին խաղն էր…
Մենք դիտել ենք իմ հեռացման դրվագի տեսագրությունը մի քանի անգամ: Եվ ցնցվեցինք: Իռլանդացին գնդակը ձեռքով մշակեց: Բայց, ինչպես երևում է, մրցավարներից ոչ մեկը դա չնկատեց: Ես չհասա գնդակին, իմ խնդիրը հարձակվողին վախեցնելն էր, ստիպելը, որ սխալվի: Եվ Կոքսը սխալվեց` հարվածելով ինձ վրա:
- Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն էր ուժերի իրական հարաբերակցությունը:
- Մենք մեր մեջ հաղթելու ուժ տեսնում էինք: Սկզբում սխալներ էինք թույլ տալիս փոխանցումների ժամանակ, բայց շուտով հարմարվեցինք անծանոթ միջավայրին: Նույնիսկ զգացինք, որ գերազանցում ենք մրցակցին: Այո, մենք արժանի էինք երկրորդ տեղին: Իսկ առաջինը, անկասկած, Ռուսաստանն է:
- Ինչո՞վ եք բացատրում ֆուտբոլի զարգացումը հետխորհրդային հանրապետություններում: Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականներից բացի, ուղեգիր կարող է նվաճել նաև Էստոնիան:
- Ստացվում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը նպաստել է հանրապետություններում ֆուտբոլի առաջընթացին: Ճիշտ է` այդ աճին ստիպված էինք սպասել 20 տարի: Կառուցվում են մարզադպրոցներ, օգտագործվում են մարզումային լավագույն մեթոդները: Հայաստանը դեռ նոր է սկսում իր վերընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում