Ադրբեջանում քննադատել են ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովին
Ադրբեջանում, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կոմիտեն» հանրահայտ Աքիֆ Նագիի գլխավորությամբ երեկ հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովի այցը Երևան:
24 saat.az լրատվական գործակալությունը մեջբերում է այդ հայտարարությունը. «Առանձնահատուկ զզվանքով դատապարտում ենք ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովի այցը Երևան: Ոչ մի կերպ չի կարելի արդարացնել այդ այցը: Իրեն հարգող և մի փոքր մարդկային հատկանիշներով օժտված մարդն այսպիսի քայլի չէր դիմի: Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող, ծնունդով Խոջալուից մարդը այսպիսի քայլին չպետք է դիմեր: Ուսուբովը մի օր կհեռանա իր պաշտոնից և կյանքից, սակայն այս խայտառակության բիծը կմնա նրա անվան վրա: Մենք Ոսուբովի անունն ընդգրկում ենք Ղարաբաղի սև գրքի մեջ և անիծում նրան մեր զոհված եղբայրների հոգիների առջև»: