ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «СОЮЗНИКИ. ОДКБ» ամսագրին
Հեղինակավոր «СОЮЗНИКИ. ОДКБ» («Դաշնակիցներ. ՀԱՊԿ») ամսագրի այս տարվա երկրորդ համարում հրապարակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը, որտեղ երկրի ղեկավարն անդրադարձել է երկրին, անկախության տարիների ձեռքբերումներին, ինչպես նաև ՀԱՊԿ անդամակցությանն ու դաշնակիցների հետ համատեղ ունեցած խնդիրներին:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք ՀՀ նախագահի հետ հարցազրույցը, որը վերնագրվել է «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան. Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքները»:
-Սերժ Ազատի, կցանկանայինք, որ Դուք «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» ամսագրի ընթերցողներին հակիրճ ներկայացնեիք այսօրվա Հայաստանի դիմանկարը, առաջին հերթին` նրա ռազմական, տնտեսական, արդյունաբերական ու մշակութային ներուժը:
-Ներկայումս Հայաստանը գտնվում է կյանքի առանցքային` ռազմական, տնտեսական, դատա-իրավական, կրթական ոլորտների արմատական բարեփոխումների փուլում: Թեև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մեր ծրագրերում լուրջ սրբագրումներ մտցրեց, դա մեր բանակաշինության վրա ոչ մի կերպ չազդեց:
Զինված ուժերում արմատական բարեփոխումներն ուղղված են բանակի արդիականացմանը: Դա ենթադրում է նոր կադրերի պատրաստում, սպառազինության արդիականացում, ժամանակակից հրամանատարական մարմինների ստեղծում, համապատասխան համալրմամբ առավել մոբիլ ստորաբաժանումների ձևավորում: Ակտիվորեն առաջ են ընթանում խաղաղապահ բրիգադի ստեղծման աշխատանքները:
Չնայած Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից բազմամյա շրջափակմանը, մեր տնտեսությունը զարգանում է: Կարծում եմ, մեր հաջողության գրավականը մեր ժողովրդի աշխատասիրության, հետևողական տնտեսական քաղաքականության ու բանկային համակարգի կայունության համադրումն է: Ներկայումս Հայաստանում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության ու նորարար տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում ներդրումների համար հուսալի, բարենպաստ բիզնես միջավայր է ստեղծվել: Մեր մշակույթի հարստությունը, պատմական հուշարձանների առատությունը, միջազգային մասշտաբների մշակութային միջոցառումների անցկացումը բարենպաստ պայմաններ են ստեղծել զբոսաշրջության զարգացման համար:
Վստահ եմ, որ անվտանգության հարցերի լուծումն ու տարածաշրջանում վստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորումը նոր ազդակ կհաղորդի մեր երկրների զարգացմանը` ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Այդկերպ երկրներից յուրաքանչյուրի ներուժն ավելի արդյունավետ կօգտագործվի, կապահովվեն Հարավային Կովկասի ժողովուրդների անվտանգությունն ու բարեկեցությունը:
-Հայաստանի Հանրապետությունը շուտով կտոնի պետական անկախության 20-ամյակը: Պետական անկախության մասին հայերի մի քանի սերունդներ են երազել: Ըստ Ձեզ, անցած տարիներին հայկական պետականության ու ազգային ինքնության պահպանման առանցքային ո՞ր հարցերն է հաջողվել լուծվել:
-Անկախության 20-ամյակը Հայաստանի յուրաքանյուր քաղաքացու կյանքում, ողջ հայ ժողովրդի և Հայաստանի` որպես պետության համար նշանակալից հոբելյան է: Մեր 20-ամյա պատմության տարբեր ժամանակահատվածներում հաղթահարելով խոշորագույն քաղաքական ու տնտեսական ճգնաժամեր` մենք շատ բանի ենք հասել: Հատկապես կցանկանայի ընդգծել պետական մարմինների, Զինված ուժերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորումը: Կարծում եմ, որ սրանք մեր անկախության ամենաառանցքային ձեռքբերումներն են ու ապագայում հայկական պետականության ամրապնդման գրավականը:
-Հայաստան բոլոր ժամանակներում ավանդաբար կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը: Այսօր այն Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունի և անդամակցում է ՀԱՊԿ-ին: Ինչպե՞ս եք Դուք` որպես ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գնահատում մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
-Մի հարցազրույցի շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունները նկարագրելը բավականին բարդ խնդիր է: Մեր ժողովուրդները կապված են պատմական, հոգևոր, սոցիալական, տնտեսական ու քաղաքական թելերով: Մեր երկրների միջև համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը էլ ավելի է ամրապնդել հայ-ռուսական դինամիկ զարգացող հարաբերությունները: ՀԱՊԿ գործունեությունը և բոլոր ուղղություններով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն, անկասկած, դրական են ազդել մեր երկրի մարտունակության վրա և նպաստել են մեր տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Վերջին մի քանի տարվա ընթացքում մեզ հաջողվել է էականորեն ակտիվացնել կազմակերպության գործունեությունը, ձևակերպվել են անվտանգության, պաշտպանության ու արտաքին քաղաքականության ոլորտներում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների համակարգման հիմնական մեխազնիմները: Գործնական մեխանիզմներ են ստեղծվում ռազմա-տեխնիկական ու ռազմա-տնտեսական համագործակցության, կադրերի համատեղ պատրաստման համար: Կարևորագույն քայլեր են արվել թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ համատեղ պայքարի ոլորտում: Հատուկ ուշադրություն է հատկացվում ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայմանը, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը: Այդ ոլորտներում ՀԱՊԿ անդամ երկրների համակարգված գործողությունների հաջողության մասին վկայում են պարբերաբար անցկացվող «Ռուբեժ» զորավարժություններն ու թմրանյութերի դեմ ուղղված «Կանալ» գործողությունը:
Հավաքական անվտանգության համակարգի նոր բաղադրիչ են 2009 թվականին ստեղծված ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈՒ), որոնք համապատասխանում են ժամանակակից սպառնալիքներին: Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից ընդամենը չորս ամիս անց ղազախստանյան «Մատիբուլագ» զորավարժարանում և 2010 թվականի հոկտեմբերին ռուսական «Չեբարկուլ» զորավարժարանում անցկացվեցին առաջին մասշտաբային զորավարժությունները:
Խոսելով կովկասյան ուղղության մասին և հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում բարդ ու դժվար կանխատեսելի իրավիճակը, պետք է նշել, որ երկկողմ համաձայնության հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Միավորված զորախմբի առկայությունը մեր երկրի տարածքում Հայաստանի շահերին համահունչ է ու ծառայում է որպես տարածաշրջանային անվտանգության հուսալի երաշխիք:
Զորախմբի կազմի մեջ է մտնում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազան, որի կարգավիճակը սահմանված է միջպետական պայմանագրով: նախորդ տարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց արձանագրություն մեր երկրի տարածքում ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու և պատասխանատվության շրջանակներն ընդլայնելու մասին: Փաստաթղթում ամրագրված է, որ Ռուսաստանի Դաշնությունն օժանդակություն կցուցաբերի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին ժամանակակից ու համատեղել սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:
-Պատմեք Հարավային Կովկասում կայունության պահպանման ու անվտանգության ապահովման գործում Հայաստանի դերակատարության մասին:
-Հայաստանը տարածաշրջանում առկա տարաձայնությունները հաղթահարելու հարցում իր կառուցողականությունն ու նպատակասլացությունը բազմիցս է դրսևորել: Նաև մեր միջազգային գործընկերներն են ընդունում դա և գնատաում այն, որ մեր խոսքը երբեք գործից չի տարբերվում: Դա լավագույնս ի ցույց դրվեց 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` Հայաստանի ու Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման ժամանակ, և ընթացիկ տարվա հունիսի 25-ին Կազանում, սակայն, ցավոք սրտի, անհրաժեշտ արդյունքի հասնել չհաջողվեց Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ ուժի չկիրառման տեսանկյունից հատուկ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանական հնարավորությունների զարգացումը: Դա վկայում է հրադադարի ռեժիմի 17-ամյա պահպանումն` առանց արտաքին միջամտության: Հետևաբար, հսկայական նշանակություն ունի տարածաշրջանում ուժերի ողջամիտ հավասարակշռության պահպանման խնդիրը:
Այսօրվա դրությամբ պաշտպանական ոլորտում բարեփոխումների շնորհիվ Հայաստանի Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ համապատասխանում են միջազգային չափանիշների և մասնակցում են ՄԱԿ-ի կողմից արտոնված միջազգային գործողությունների, պատրաստ են մասնակցելու գործողությունների նաև ՀԱՊԿ ՕԱՀՈՒ կազմում: Վերջինները կարող են հակազդել պետության արտաքին սահմաններին ու ենթակառուցվածքներին վտանգ ներկայացնող տարբեր մարտահրավերների ու սպառնալիքների, ինչպես նաև լուծել տեխնոգեն ու բնական աղետների հետևանքների վերացման հետ կապված խնդիրներ:
Մենք հավատում ենք տարածաշրջանային խաղաղ համագործակցության ու տնտեսական փոխգործակցության ներուժին և պատրաստ ենք աջակցել տարածաշրջանի ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը, լարվածության թոթափմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:
-Ձեր կարծիքով, այսօրվա դրությամբ ինչպիսի՞ խնդիրների առնչվում ՀԱՊԿ-ը, որոնք հավաքական լուծում են պահանջում:
-ՀԱՊԿ-ն անընդհատ զարգացող կազմակերպություն է: Չէ՞որ անհրաժեշտ է անընդհատ ադապտացվել նոր իրողություններին, պատրաստ լինել դիմագրավել նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Մեզ անհրաժեշտ է բարձրացնել դիրքորոշումների համաձայնեցման մակարդակը անվտանգության տարբեր հարցերի շուրջ, համակարգել մեր գործողությունները տարբեր մակարդակներում: Անկեղծ ասած, դա երբեմն այնքան էլ հեշտ չի տրվում, և լրացուցիչ ջանքերի անհրաժեշտությունն օրակարգում է: Մեր կազմակերպությունն աստիճանաբար վեր է ածվում բազմանպատակ, բազմաֆունկցիոնալ մի մարմնի, ինչը հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման գործում փոխգործակցության մակարդակի բարձրացման համար համապատասխան փոփոխություններ է պահանջում:
Մեծ մտահոգություն է առաջացնում ՀԱՊԿ գորոծղության տարածքի անմիջական հարևանությամբ կուտակվող լարվածությունը, որը հղի է նոր բաժանարար գծերի ի հայտ գալով, անվստահության ու կասկածամտության մթնոլորտի վերածնմամբ: Կոնկրետ վտանգ են ներկայացնում չկարգավորված հակամարտությունները առկա բանակցային գործընթացներից դուրս «ուժային» տարբերակով լուծելու գաղափարներն ու ծրագրերը: Այս պայմաններում, իհարկե, անհրաժեշտ է համատեղ ջանքերի համախմբում, առաջին հերթին` բոլոր երկրների համար հավասար ու անքակտելի անվտանգության հարցում միջազգային այլ մարմինների հետ համագործակցության ընդլայնման և կուտակված ներքին ներուժի արդյունավետ կիրառման ուղղությամբ:
Հրատապ է մնում հակազդեցությունն այնպիսի մարտահրավերներին ու սպառնալիքներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, թմրանյութերի առևտուրը, կազմակերպված հանցավորությունը, ապօրինի միգրացիան, ապակառուցողական տեղեկատվական ներազդեցությունը:
Անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման ուղղությամբ` հաշվի առնելով ՕԱՀՈՒ ու հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորումը: Ղրղզական հայտնի դեպքերից քաղած դասերը մեզ օգնեցին որոշակիացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությունները: Այդ առումով ՀԱԽ նախորդ տարվա դեկտեմբերի նստաշրջանը համարում եմ ամենաարդյունավետներից մեկը: Հաստատվեցին կարևորագույն փաստաթղթեր, որոնք ոչ սովորական իրավիակների ստեղծման ժամանակ մեր կազմակերպությանը թույլ են տալիս արձագանքել:
Մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի ու նրա մասնագիտացված կազմակերպությունների հետ` խաղաղապահ գործունեության, Աֆղանստանից ահաբեկչության ու թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև զենքի ապօրինի առևտրի կանխարգելման ոլորտում:
Ռազմական ոլորտում անհրաժեշտ է թվում կոալիցիոն բանակաշինության մեխանիզմների բարելավման աշխատանքների շարունակությունը: Անհրաժեշտէ հետևողականորեն իրականացնել ՀԱՊԿ ՕԱՀՈՒ մասին 2009 թվականի դեկտեմբերի 4-ի ՀԱԽ որոշումները` ազգային զորախմբերը ժամանակակից ու համատեղելի սպառազինությամբ ու զինտեխնիկայով, կապի միջոցներով համալրման ու անձնակազմի հանդերձավորման մասով: Շարունակվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ձևավորման գործընթացը, ինչպես նաև խաղաղապահ գործողությունների մշակման ու անցկացման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի պատրաստումը, միավորված համակարգերի ստեղծումը, առաջին հերթին հակաօդային պաշտպանության ստեծղումը Արևելաեվրոպական, Կովկասյան ու Կենտրոնասիական տարածաշրջաններում` հետագայում դրանք ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգի մեջ աստիճանական ինտեգրման հնարավորությամբ: Առանցքային նշանակություն ունի զնվորական կադրերի պատրաստումը: Անհրաժեշտ է նաև Ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի կիրառման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերելու մասին արձանագրության համաձայն ռազմա-տեխնիակական օժանդակություն ցուցաբերելու համար ներպետական մեխանիզմներ ձևավորել:
Անհրաժեշտ է նաև պայմաններ ստեղծել ՀԱՊկ անդամ երկրների ռազմա-արդյունաբերական համալիրների համակողմանի ինտեգրման համար, որի առնչությամբ ես կառանձնացնեի այնպիսի հարցեր, որոնք կապված են ռազմական նշանակության արտադրանքի մշակման, թողարկման, արդիականացման ու վերանորոգման միջպետական գիտա-արտադրական միավորումների ու ձեռնարկությունների ստեղծման հետ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության Ռազմա-տեխնիակական համագործակցության դաշնային ծառայության միջև Հայաստանում սպառազինությունների ու զինտեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման արտոնագրված ձեռնարկությունների ստեղծման հարցում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել: Ներկայումս հայ և ռուս մասնագետների կողմից մշակվում են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության տարածքում զրահատանկային տեխնիկայի, նրա սպառազինության ու շարժիչների, ՀՕՊ միջոցների, ինչպես նաև ուղղաթիռների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման արտոնագրված տարածաշրջանային կենտրոններ հիմնելու հետ:
Մենք ապագային լավատեսությամբ ենք նայում: Դեռ շատ բան կա անելու և առջևում մեզ քրտնաջան ու դժվարին աշխատանք է սպասվում:
-2012 թվականին լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի 20-ամյակը: Ինչպիսի՞ նշանակություն ունի այդ պայմանագիրը հետխորհրդային տարածքում անվտանգության ապահովման հարցում: Կարելի՞ է այս ժամանակահատվածի համար որոշակի ամփոփում կատարել:
-Բացարձակապես առանց չափազանցությունների կարելի է ասել, որ 19 տարի առաջ մեր պետությունների կողմից Եվրասիական տարածքում խաղաղության ու անվտանգության պահպանման համար համատեղ ջանքերի օգտին արված ընտրությունը պատմական էր ու լիովին արդարացված: ԱՊՀ երկրներում ռազմական անվտանգության խնդիրը ծագեց ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, քանի որ գործնականում դադարեց գոյություն ունենալ այն համակարգը, որ երբեմնի միասնական պետությունը պաշտպանում էր արտաքին սպառնալիքներից: Համագործակցության պետությունների ինքնուրույն զինված ուժերի խորը գնահատականը և նրանց իրական վիճակը վկայում էին հավաքական պաշտպանության անհրաժեշտությունը:
1992 թվականի մայիսի 15-ին Տաքենդում ստորագրված պայմանագիրը կատարում է իր գլխավոր խնդիրը` Կազմակերպության անդամ պետությունների զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովումը` որպես միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման կարևոր գործիք հաստատելով իր արդյունավետությունը:
Այդ ճանապարհին առանցքային փուլ էր 2002 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծումը, որն անընդհատ ամրապնդում է իր ներուժը` դառնալով խաղաղության ու կայունության կարևոր գործոն: Այսօր ՀԱՊԿ-ը իրենից կենդանի օրգանիզմ է ներկայացնում, որն ադապտացվում է արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններին:
-Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ ՕԱՀՈՒ զորավարժություններ: Ինչպե՞ս է ծրագրվում լուծել այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են ՀԱՊԿ դաշնակիցների զորախմբերի ու հատուկ ստորաբաժանումների, ինչպես նաև զենքի ու ռազմական տեխնիկայի տեղափոխությունը Հանրապետության տարածք:
-Մենք բազմիցս ասել ենք ու այդտեղ ոչինչ չես անի` Հայաստանի աշխարհագրական դիրքը, ցավոք սրտի, յուրահատուկ է` ՀԱՊԿ դաշնակիցների հետ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով: Բացի այդ վիճակը բարդանում է երկաթուղային հաղորդակցության բացակայության պատճառով, ինչը նույնպես որոշակի հետք է թողնում:
Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման, զորախմբերի ու զենքի և զինտեխնիկայի տեղափոխման հարցում, որոշակի փորձ առկա է: Եթե խոսենք միայն ՀԱՊԿ ՕԱՀՈՒ զորավարժությունների մասին, ապա այդ մենք առնվազն երկու անգամ լուծել ենք այդ խնդիրը:
ՀԱՊԿ ՕԱՀՈՒ ստեղծումից ի վեր անցկացվել է երկու զորավարժություն և երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորախմբերը մասնակցություն են ունեցել: Ասվածին կարող եմ հավելել, որ հայկական մոտոհրաձգային վաշտի տեղափոխությունը զորավարժությունների վայր և հակառակ ուղղությամբ իրականացվել են սեփական ուժերով, մասնավորապես ԻԼ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով, ու տեղափոխության հետ կապված բոլոր հարցերը հաջողությամբ լուծվել են: Կարծում եմ, նման հնարավորություններ ունեն նաև Կազմակերպության մեր մյուս գործընկերները:
-Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը:
-Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է փոխադարձ շահավետ համագործակցության վրա, որտեղ գերիշխում են առողջ բանականությունն ու անկեղծ փոխըմբռնումը: Մենք մշտապես առաջնորդվել ենք հարաբերությունների հաստատում առանց գործընկերներին վնասելու սկզբունքով: Դա ներգրավվածության քաղաքականությունն է` Հայաստանն ակտիվ մասնակցում է այն բոլոր ձևաչափերին, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում ու աշխարհում զարգացմանն ու փոխգործակցությանը, խաղաղության ու կայունության հաստատմանը: Եվ կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է:
Մենք հիանալի կերպով համատեղում ենք մեր անդամությունը ԱՊՀ-ին ու Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին ու Սևծովյան տնտեսական համագործակցությանը: Հանդիսանալով ՀԱՊԿ ակտիվ անդամ` մենք արդյունավետ կերպով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում ենք միջազգային խաղաղապահ առաքելությունների: Համագործակցում ենք Եվրոպական Միության հետ, որը մեզ աջակցում է մեր երկրում արմատական բարեփոխումների անցկացմանն ու եվրաինտեգրացիայի գործընթացում: Ամփոփելով` կարելի է ասել, որ փոխադարձ հարգանքն ու փոխընկալումը ճանապարհ են հարթում դեպի արդյունավետ արատքին քաղաքականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա