Տիգրան Դավթյան. Հայաստանի թեթև արդյունաբերությունն ունի զարգացման ներուժ
Այսօր Երևանում մեկնարկեց «Տեքստիլ և նորաձևություն» խորագրով առաջին միջազգային գործարար համաժողովը: Այն կազմակերպվել է Զարգացման հայկական գործակալության, ՄԱԱԶԿ-ի միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի, Կովկասյան զարգացման գործակալության կենտրոնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից:
Ինչպես համաժողովի բացմանը նշեց ՀՀ էկոնմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, առաջին միջազգային գործարար համաժողովը հնարավորություն է տալու պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին համատեղ քննարկելու թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև վեր հանելու առկա հիմնախնդիրները` առաջարկելով լուծման արդյունավետ ուղիներ:
Նրա խոսքերով` թեթև արդյունաբերության ոլորտը հանդիսանում է համաշխարհային արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը, որին բաժին է ընկնում համաշխարհային արտադրանքի շուրջ 5,7 տոկոսը, և զբաղվածության 14 տոկոսը: Ըստ Տ.Դավթյանի` Հայաստանի ներկայիս թեթև արդյունաբերության ոլորտի վերլուծությունը ցույց է տալիս, որ զարգացման դրական միտումներ ունենալով հանդերձ, այնուամենայնիվ, ոլորտում առկա են խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում ճյուղի զարգացման վրա:
Նախարարը նշեց, որ Հայաստանի թեթև արդյունաբերությունն ունի զարգացման ներուժ և բարձր որակավորմամբ կադրեր: «Մենք պետք է գտնենք ուղիներ, որպեսզի կարողանանք դրա զարգացմանը զարկ տալ և վերականգնել այն ավանդույթները, ծավալները, մոտեցումները, որոնք ունեցել ենք տարիներ առաջ»,- նշեց Տ.Դավթյանը` հավելելով, որ թեթև արդյունաբերությունն արտահանման մեծ պոտենցիալ ունի, և ներառվել է այն 11 ոլորտների մեջ, որոնք հեռանկարային են համարվում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ծրագրի նախագծում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ թեթև արդյունաբերության ոլորտը 2011 թ. առաջին 8 ամիսներին թողարկել է 4,5 մլրդ դրամի արտադրանք, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 52 տոկոս: Նրա խոսքերով` արտադրանքի զգալի մասն արտահանվում է այլ երկրներ:
Նշենք, որ համաժողովին մասնակցում էին ոլորտի ավելի քան 40 տեղական ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, Հարավային Կովկասի և ԵՄ երկրների արտադրողներ:
Համաժողովի շրջանակներում կազմակերպված էր նաև տեքստիլի արտադրանքի ցուցահանդես, հայ դիզայներների նորաձևության հավաքածուների ցուցադրություն: