Երկու նոր կրթօջախ` Վայոց ձորում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր եղել է Վայոց Ձորի մարզում: Մասնավորապես` Ելփին և Չիվա գյուղերում մասնակցել է նախակրթարանների բացմանը, որոնք կառուցվել են Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում:
ԿԳՆ-ից հայտնում են, որ նախակրթարանները բացվել են համայնքային դպրոցների շենքերում, որտեղ այդ նպատակով առանձնացվել են մասնաբաժիններ: Աղբյուրը հաղորդում է, որ նախկինում երբևէ մանկապարտեզներ չունեցած Ելփին և Չիվա համայնքների նախակրթարաններից յուրաքանչյուրում 20 երեխա է հաճախում: Նախարար Աշոտյանը շեշտել է, որ պետությունը 5-6 տարեկան նախադպրոցական երեխաների կրթության կազմակերպումը վերցնում է իր վրա:
Բացի այս Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում ԿԳ նախարարը դաս է վարել ու դրա շրջանակում աշակերտներին ներկայացրել է 12-ամյա կրթության համակարգի առավելությունները:
Ժամանակ անց Ա. Աշոտյանը մասնակցել է Եղեգնաձորում Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմանը, որը Եվրամիության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է, վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով:
«Վայոց ձորում ունենք նոր որակի միջին մասնագիտական կրթական հաստատություն, որտեղ հնարավոր է ստանալ ժամանակակից և որակյալ կրթություն, որի շնորհիվ այսօրվա ուսանողը կկարողանա աշխատաշուկայում գտնել իր տեղը: Մասնագիտական կրթության ոլորտը մենք դիտարկում ենք երիտասարդության զբաղվածությունն ապահովելու իրատեսական և առաջնային ճանապարհ»,- այս կապակցությամբ հայտարարել է նա ու շնորհակալություն հայտնել Եվրոպական Միությանը՝ համագործակցության և միջին մասնագիտական կրթության համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:
Քոլեջի բացմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում:
Դեսպանն իր հերթին ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունը գնահատել է գերազանց, նշելով, որ բոլոր աշխատանքները կատարվել են արդյունավետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին