Մեկնարկեց Orange գրքի մրցույթի երկրորդ փուլը
Այսօր մեկնարկեց «Orange գրքի մրցանակ 2011» գրքի մրցույթի երկրորդ փուլը` հանրային քվեարկությունը: Առաջին փուլի արդյունքներով, որի ընթացքում ժյուրիի անդամները պետք է ընտրեին առավելագույնը չորս ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, երկրորդ փուլում ընթերցողների լայն զանգվածների դատին են հանձնվում հետևյալ ստեղծագործությունները.
Վեպ. «Փետրափոխում» (Հրաչ Բեգլարյան) և «Շների համաստեղությունը» (Նարինե Կռոյան)
Հեքիաթ. «Անկիմյուրի բնակիչները» (Արմինե Աբրահամյան)
էսսե. «Քաղաքը » (Վարդան Ֆերեշեթյան), «Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը», (Վիոլետ Գրիգորյան), «Անքնություն Փարիզում» (Վահրամ Մարտիրոսյան) և «Վագոնից թռչելու ժամանակը» (Արմեն Շեկոյան)
Պատվածք. «Մահապատժից ժամեր առաջ» (Պարույր Սանթրոսյան), «Ֆուտբոլի գնդակի երազանքը» (Տաթև Դերզյան), «Մատրյոշկա» (Արմեն Օհանյան), «96» (Մարինե Քոչարյան)
Սցենար. « Չարենց» (Վահրամ Մարտիրոսյան):
Ժյուրիի առաջարկով էսսեները և պատմվածքները, որոնք պետք է մրցեին նույն կատեգորիայում, առանձնացվել են և ներկայացված են երկու կատեգորիայով: Հեքիաթ և սցենար/դրամատիկական գործ կատեգորիաներում ժյուրիի բարձր գնահատականին արժանացել են միայն մեկական գործ, որոնք էլ ավտոմատ կերպով կհամարվեն որպես տվյալ անվանակարգում հաղթող: Ընթերցասերները կկարողանան Orange-ի կայքում ծանոթանալ այս գործերին հատվածաբար:
Վեպ, էսսե և պատմվածք անվանակարգերում հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:
«Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր արժանացել են ժյուրիի հավանությանը: Այս պահից սկսվում է շատ հետաքրքիր շրջան, երբ բոլոր ընթերցասերները կարող են կարդալ ու իրենց կարծիքը հայտնել մասնակից գործերի վերաբերյալ և ընտրել, թե որ գործն է տպագրվելու: Սա բացառիկ պահ է, քանի որ սովորաբար ընթերցողները գործը բացահայտում են այն ժամանակ, երբ այն արդեն գրքի է վերածվել: Սա է Orange Գրքի մրցույթի առանձնահատկությունը. այն ավելի շուտ ոչ թե գրական մրցանակ է, այլ ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ: Հուսով ենք, որ հանրային ընթերցանությունների, քննարկումների և հեղինակների հետ հանդիպումների միջոցով մենք կներգրավենք ընթերցողների ամենալայն շրջանակներին և կխթանենք հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Չէ՞ որ հաջորդ տարի Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաքն է լինելու»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Այսօրվանից սկսած և մինչև նոյեմբերի 7-ը առաջին փուլը հաղթահարած մասնակիցների գործերը կարելի է կարդալ առցանց Orange-ի վեբ կայքում`www.orangearmenia.am/book-prize: Հենց նույն էջում էլ կարելի է քվեարկել դուր եկած ստեղծագործության օգտին` Facebook սոցիալական ցանցի միջոցով` սեղմելով յուրաքանչյուր ստեղծագործության մոտ հասանելի “like” կոճակը:
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Հիշեցնենք, որ մրցույթի չորս անվանակարգերում` պատմվածք և էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ և սցենար, մասնակցում են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ և մշտապես բնակվում են Հայաստանում:
Մրցույթի նպատակն է խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները