Ս. Մարտիրոսյան. Հայաստանում գոյություն ունի ցանցային անգրագիտություն
Քաղաքական գործիչներն ունեն իրենց պաշտոնական կայքէջերը, որոնք օգտագործվում են նաև «PR» նպատակներով: Նրանք ունենում են նաև իրենց անձնական օգտագործման էջերը սոցցանցերում, քանի որ «հիմա մոդայիկ է դարձել բացել ֆեյսբուքյան էջեր, սակայն դրանք հետագայում դժվար են վերահսկվում»: Այս մասին ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա, սոցիալական ցանցի անձնական օգտագործման համար էջն ունի իր վտանգները, քանի որ հնարավոր է տվյալ մարդը հայտնվի հետապնդման տակ: Մասնագետը զգուշության կոչ արեց, քանի որ շատ հաճախ ֆեյսբուքում հայտնվում են ադրբեջանական և թուրքական կեղծ պրոֆիլներ, այսինքն` ադրբեջանական հատուկ ծառայությունները կարող են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների անվան տակ գաղտնի տեղեկատվություն հավաքելու փորձ ձեռնարկել: Ս. Մարտիրոսյանն ասաց, որ նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կրթել չինովնիկներին, քանի որ Հայաստանում գոյություն ունի ցանցային անգրագիտություն:
Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ իրենք չեն կատարել ուսումնասիրություն, որը հնարավորություն կտա իմանալ` պաշտոնյաների քանի տոկոսն է օգտվում սոցիալական ցանցերից: Միաժամանակ նա ողջունում է այն փաստը, որ պաշտոնյաներն ունենում են անձնական էջերը, ինչը հնարավորություն է տալիս, որ քաղաքացիներին իրենց հուզող հարցերը գոնե այդ ճանապարհով հասցնեն տվյալ պաշտոնյանին: «Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ իշխանությունները մեր համար լինեն մատչելի, սովորական քաղաքացին կարողանա շփվել մեծամասնական կարգով ընտրված պատգամավորի հետ»,- ասաց նա` ընդգծելով,- «Եթե գոյություն չունի հետադարձ կապ հասարակության և իշխանությունների միջև, ապա չկա արդյունավետ սոցիալական կառավարում, ժողովրդավարական կառավարման ռեժիմ»: Նա նույնպես կոչ արեց, սոցիալական ցանցերում շփման ժամանակ լինել զգույշ, չբացել անհայտ անձանցից ստացված հաղորդագրություններ, քանի որ դրանք իրենց մեջ կարող են վիրուս պարունակել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին