Չիկագոյում ձերբակալվել է 175 ցուցարար
Միացյալ Նահանգների Չիկագո քաղաքում կիրակի գիշեր ձերբակալվել է մոտ 175 ցուցարար, ովքեր մասնակցել են «Գրավի'ր Ուոլ Սթրիթը» շարժման զանգվածային բողոքի ցույցերին: Այս մասին հաղորդում է «Chicago Tribune» պարբերականը:
Տեղեկատվության համաձայն, ձերբակալվել են այն անձիք, ովքեր, անտեսելով ոստիկանական ուժերի կարգադրությունները, հրաժարվել էին լքել «Գրանդ պարկի» տարածքը: Ձերբակալություններն հիմնականում կրել են խաղաղ բնույթ:
Ինչպես հաղորդվում է, ընդհանուր առմամբ փողոց էին դուրս եկել մոտ 2000 ցուցարար: Երեկոյան նրացից մոտ 500-ը վրաններ էին խփել «Գրանդ պարկում»: Ներկայումս բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել:
Նշենք, «Գրավի'ր Ուոլ Սթրիթը» (Occupy Wall Street) վերտառությամբ ակցիաները մեկնարկել են Նյու-Յորքում սեպտեմբերի 17-ին, այնուհետև տարածվել Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Սիեթլում և Միացյալ Նահանգների այլ քաղաքներում: Ակցիաների մասնակիցները բողոքում են, մասնավորապես, գործազրկության, սոցիալական անհավասարության և ամերիկյան քաղաքականությունում հսկա կորպորացիաների գերակա դիրքերի դեմ: