Նազիկ Ավդալյանի վերադարձը ծանրամարտ կարող է տեղի ունենալ 2 տարի հետո
Աշխարհի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում շեշտեց, որ ցանկանում է վերադառնալ մեծ սպորտ, սակայն այդ հարցին բժիշկները կարող են պատասխանել միայն 6 ամիս հետո: Եթե նույնիսկ այդ պատասխանը դրական լինի, մարզուհին մրցահարթակ կարող է դուրս գալ միայն երկու տարի հետո: Այժմ նա վերականգնողական փուլում է, սակայն հույս ունի, որ ապագայում կկարողանա ի կատար ածել վերադառնալու ցանկությունը, առավել ևս, որ հուսադրում են նաև բժիշկները:
Նազիկ Ավդալյանը միաժամանակ մտածում է նպաստել կանանց ծանրամարտի զարգացմանը Հայաստանում` մարզադպրոց հիմնելով Վանաձորում: Նա վստահ է, որ շատ աղջիկներ կցանկանային զբաղվել այս մարզաձևով, սակայն հիմնականում դեմ են լինում մայրերը` առաջնորդվելով ինչ-ինչ նախապաշարումներով:
Նազիկ Ավդալյանը նշանված է, սակայն ավտովթարի պատճառով դեռ չի ամուսնացել: Ըստ նրա` հարսանիքը տեղի կունենա առաջիկա ձմռանը: Հայ մարզուհին չի կասկածում, որ ամուսնությունից հետո էլ կարող է շարունակել կարիերան, քանզի համոզված է, որ իր ընտրյալը խոչընդոտներ չի ստեղծի: