«ՏաԹևեր»-ը մեկ տարեկան է. Սպասարկել է 70 000 ուղևորի
Աշխարհում ամենաերկար, ուղևորատար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին մեկ տարեկան է, որի առթիվ ճոպանուղու «Հալիձոր» կայանի սպասասրահում հրավիրած մամուլի ասուլիսի միջոցով ճոպանուղու տնօրեն պրն Տ. Ղազարյանը ներկայացրել է ճոպանուղու մեկամյա աշխատանքը և իրականացրած ծրագրերը:
Ճոպանուղին հանրային գործարկումից` 2010թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս սպասարկել է մոտ 70 000 ուղևորի, որի ավելի քան 10%-ը հարակից գյուղերի բնակիչներ են, որոնք ճոպանուղուց օգտվել են անվճար: Անցած տարվա ընթացքում ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է եղել տոն և հանգստյան օրերին, որոնց ժամանակ ճոպանուղին սպասարկել է օրական 700- 800 ուղևորի:
Ճոպանուղու շահագործման ողջ ընթացքում իրականացվել է ամենօրյա մանրակրկիտ տեխնիկական սպասարկում անձնակազմի և ճոպանուղին կառուցած շվեյցարացի մասնագետների կողմից` ճոպանուղու շահագործումը և տեխնիկական պայմանները հաստատապես պահելով սարքին և բացարձակ անվտանգ:
Ընթացիկ տարում իրականացվել է ճոպանուղու տեխ. զննում ՀՀ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի կողմից, որի արդյունքում «ՏաԹևերը» ճանաչվել է տեխնիկապես բացարձակ սարքին և անվտանգ շահագործվող կառույց: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել ևս մեկ տեխնիկական զննում, այս անգամ արդեն շվեյցարական և ճոպանուղիների շահագործման եվրոպական անկախ մեկ այլ փորձագիտական հանձնախմբի կողմից:
Ճոպանուղու անձնակազմը պարբերաբար մասնակցել է վերապատրաստման` դառնալով ավելի փորձառու թե տեխնիկական շահագործման, և թե ուղևորների սպասարկման ոլորտում:
Ողջ տարվա ընթացքում, շահագործման գործընթացին զուգահեռ, իրականացվել են ճոպանուղու երկու կայանների հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, տեղադրվել են տեղեկատվական և այցելուների եռալեզու ուղեցույց-վահանակներ, ավելի քան 50 նստարաններ և աղբամաններ` տարածքը դարձնելով ավելի հարմարավետ այցելուների և ուղևորների համար: Ճոպանուղու ՙՏաթև՚ կայանում տեղադրվել և շուտով շահագործման կհանձնվի սանհանգույց:
Ընթացիկ տարվա ընթացքում «ՏաԹևեր»-ի «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կառուցվել և շահագործման համար պատրաստ է սպասասրահ - սրճարանը, որը նախատեսված է ուղևորների և այցելուների հանգստի և սպասման հարմարավետ կազմակերպման համար:
«ՏաԹևեր» ճոպանուղին ոչ միայն զբոսաշրջության զարգացման լավ հնարավորություն է, այլ նաև ստեղծել է աշխատատեղ հարակից համայնքների բնակիչների համար: Այսօր ճոպանուղին և նորաբաց սրճարան-սպասասրահը ունեն 55 աշխատող, որոնք հարակից համայնքների և Գորիսի բնակիչներ են:
Ճոպանուղու վերջին տարվա աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ այն հիրավի հանդիսանում է տարածաշրջանային կարևորագույն կառույց, որը միանշանակորեն հանգեցնում է ՀՀ-ում զբոսաշրջության աճի, իսկ ճոպանուղու հարակից համայնքներում խթանում է փոքր և միջին բիզնեսի զարգացումն ու ընդլայնումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին