Իրանի անվտանգության ուժերի կողմից Թուրքիայի համալսարանների երեք դասախոս է ձերբակալվել
Ստամբուլի համալսարանի դասախոսներ, քաղաքագիտության դոկտոր Սեդա Քարաքայան, պրոֆեսոր Ռաբիա Քարաքայա Փուլաթը և «Քուչ» համալսարանի դասախոս Ավքան Յիլան Քայան Իրանի անվտանգության ուժերի կողմից ԱՄՆ համար լրտեսություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել են:
Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «ռադիոֆարդա.քոմ» կայքը` հղում կատարելով թուրքական «Սաբահ» օրաթերթին:
Համաձայն տեղեկատվության` թուրք դասախոսները մայիսի 28-ին ժամանել էին Թեհրան` մասնակցելու «Իրանը, Թուրքիան և արաբական գարունը» թեմայով սեմինարին, 13 օր ձերբակալված մնալուց հետո Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցից հետո` հունիսի 12-ին ազատ են արձակվել:
Ձերբակալության ժամանակ թուրք դասախոսների բջջային հեռախոսները, համակարգիչները և անձնագրերը ևս բռնագրավվել և հանձնվել են Իրանի անվտանգության մարմիններին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ թուրք դասախոսները ազատ արձակվելուց և Թուրքիա վերադառնալուց հետո «Սաբահի» թղթակցի հետ զրույցում նշել են, որ չեն ցանկանում խոսել ձարբակալության հանգամանքների մասին: