Լ.Գալստյանն առաջարկում է փոփոխություն ներառել «Հանրակրթության մասին» օրենքում
Նախօրեին ԱԺ Կրթության, գիտության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության արժանացավ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Փոփոխությունները վերաբերում են օրենքի այն հոդվածին, որը սահմանում է հանրակրթության ոլորտի աշխատողների աշխատաժամերը: Գործող օրենքով սահմանվում էր` պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է համատեղության կարգով շաբաթական ունենալ մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, մինչդեռ ուսուցչական մեկ դրույքը 22 դասաժամ է: Այսօր, սակայն, շատ են այն վարչական աշխատողները, որոնք կես դրույքով են պաշտոնավարում և օրենքը սահմանափակում է նաև ուսուցչի կես դրույք ծանրաբեռնվածություն ունենալու իրավունքը։ Մի խոսքով, 2009թ-ին ընդունած այդ օրենքը մի շարք անհարթություններ առաջ քաշեց»,- Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց Լ.Գալստյանը:
Նրա խոսքերով, օրինակ, հանրակրթության ոլորտում ունենք բազմաթիվ վարչական աշխատողներ, ովքեր կեսդրույքով են ծանրաբեռնված: Օրենքի սահմանափակումն էլ բերում է նրան, որ խաթարվում է ամբողջական ծանրաբեռնվածություն ունենալու և ըստ այդմ համապատասխան վարձատրություն ունենալու սկզբունքը.
«Այսինքն ` ունենք իրավունքների ոտնահարում ու սոցիալական լուրջ խնդիր, որովհետև շատ հաճախ նրանց հատկացվող աշխատավարձը մեկ դրույքն էլ նույնիսկ չէր բավարարում»,- նշեց օրինագծի հեղինակն ու ավելացրեց, որ այս իրավիճակը հատկապես ընդգծված է սահմանամերձ ու մարզային շրջաններում:
Այս տարվա ընթացքում անձամբ Լ.Գալստյանը շուրջ 30 մանկավարժներից այս հարցի վերաբերյալ բողոքներ է ստացել պարզ ու տրամաբանական պահանջով` գոնե մեկ դրույքի ծանրաբեռնվածության հնարավորության ընձեռում: Պատգամավորը նշեց, որ այս խնդիրը որոշակիորեն փորձ է արվել մեղմել ԿԳ նախարարի կարգադրությունով և այլն, բայց քանի որ մեր երկրում լիազորություններն ու պարտականությունները ձևակերպվում են օրենքի սահմանմամբ, ապաև առաջ քաշվեց անհրաժեշտություն ամենը կարգավորել «Հանրակրթության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններով.
«Այդպես, եթե փոփոխությունները հավանության արժանանան, ապա կեսդրույք ունեցող վարչական աշխատողներին կվերապահվի կսեդրույք և ավելի կամ` մինչև 18 ժամ»,- պարզաբանեց դաշնակցական պատգամավորը:
Նախքան այն, որ երեկ ԱԺ գլխադասային հանձնաժողովն էր դրական եզրակացություն տվել օրինագծին, որով այն մտավ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ, դրական եզրակացության էր Լ.Գալստյանի հեղինակածը արժանացել նաև կառավարությունում:
Հիշեցնենք, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2009 թ. հուլիսի 10-ին և սահմանում է հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները, կարգավորում ոլորտի կազմակերպաիրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները