Մասնավոր հատված-պետություն համագործակցություն. Վերականգնվելու է Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին
ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը համատեղ ջանքերով կվերականգնեն ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին (V դար): Սա մասնավոր հատված-պետություն նոր ձևաչափի համագործակցություն է, որտեղ կողմերը կարևորելով պատմամշակութային արժեքների պահպանման և հետագայում սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, միավորելով իրենց ուժերը` մեկտեղելով ֆինանսական ու մասնագիտական հնարավորություններն աշխատանքներ կծավալեն Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման և վերակառուցման գործում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
ՀՀ մշակույթի նախարարությունը կոթողի վերականգնման ծրագրի շրջանակներում 2010 թ. պետական բյուջեով արդեն իսկ իրականացրել է եկեղեցու նախագծի կազմումը, հաստատումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փորձաքննությունների անցկացումը, իսկ հիմանդրամը իր հերթին պարտավորվում է ֆինանսավորել եկեղեցու վերանորոգման ու վերակառուցման ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները: ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմանդրամը Օձունի պատմամշակութային կոթողի վերականգնման վերաբերյալ իրենց մտադրություններն ամրագրեցին և հաստատեցին Հուշագրի ստորագրումով. ՀՀ մշակույթի նախարարության կողմից հուշագիրը ստորագրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմանդրամի կողմից` հիմնադիր արմատներով Օձնեցի, ռուսաստանաբնակ գործարար Մովսես Ձավարյանը:
Աղբյուրի փոխանցմամբ, նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական:
Օձունի տաճարը (Սբ Հովհաննես եկեղեցի) գտնվում է պատմական Գուգարաց նահանգի Տաշիր գավառի Օձուն գյուղում: Տաճարը կառուցվել է 6-րդ դարում, այն գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին պատկանող կառույց է: Կիրակոս Գանձակեցու հիշատակությամբ հուշարձանը կառուցվել է 8-րդ դարում հայոց կաթողիկոս Հովնան Օձնեցու կողմից, սակայն ուսումնասիրողները չեն ընդունում պատմիչի նշած թվագրումը և կառույցը համարում են ավելի վաղ ժամանակաշրջանի շինություն:
Հուշարձանը արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն շինություն է: Աղոթասրահը երկշար մույթերով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինը ավարտվում է կիսաշրջան գծային խորանով, իսկ եզրայինները` երկհարկ ուղղանկյուն ավանդատներով: Աղոթասրահը երեք կողմերից եզերված է արտաքին սրահով: Արտաքինից երկայնական թևերը սահմանափակված են կամարաշարերով, իսկ կենտրոնական թևը` խուլ պատով: Տաճարի թմբուկը ութանիստ է: Հարուստ է քանդակներով և վիմական արձանագրություններով: Հուշարձանը կառուցված է դեղնաշագանակագույն սրբատաշ ֆելզիտից:
Տաճարի հյուսիս-արևելյան մասում կանգնեցված է իր ճարտարապետական լուծումներով եզակի կոթող-մահարձան, որն իր հորինվածքային ձևերի և պատկերաքանդակների հատկանիշներով դիտվում է որպես 5-6-րդ դդ կառույց:
Տաճարը և շրջակայքում գտնվող կոթողը ավելի ուշ շրջապատվել են քարե պարսպով:
Ընդհանուր առմամբ միջամտության կարիք ունեն որմնախարիսխները և հուշարձանի ծածկերը: Անհրաժեշտ է վերականգնել 1980-ական թթ. վերջերին ապամոնտաժված և խարխլված վիճակում գտնվող արտաքին երկայնական թևերը և մուտքի հատվածը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան