Յանուկովիչ. Չնայած Եվրոպայի դժգոհությանը, Տիմոշենկոյի դատավճիռը չեղյալ չի համարվի
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ կայացած դատավճիռը չեղյալ չի հայտարարվելու ի հեճուկս Եվրամիության դժգոհության: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը արտասահմանյան լրատվամիջոցների հետ Կիևում կայացած հանդիպման ժամանակ: «Հարցն այն չէ, թե Ուկրաինայում կամ Եվրոպայում որևէ մեկին դուր է գալիս կամ դուր չի գալիս դատավճիռը: Հարցն օրենքի գերակայության մեջ է, քանի որ որոշումն ընդունում է դատարանը: Մենք պարտավոր ենք հարգելու այդ որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի», - ասել է Յանուկովիչը:
Յանուկովիչը, մեկնաբանելով հոկտեբերի 20-ին Բրյուսել նախատեսված իր այցը, ասել է, եթե իր դիրքորոշումը խոչընդոտ հանդիսանա այդ այցի համար, ապա իր ինքնաթիռը «Բրյուսելի կողքից կանցնի»:
Նշենք, ավելի վաղ Եվրամիության անանուն աղբյուրն հաղորդել էր, թե եթե Յանուկովիչը վճռականորեն չարձագանքի Տիմոշենկոյի գործին, ապա Բրյուսելի նախատեսված այցը կարող է հետաձգվել:
Հիշեցնենք, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հոկտեմբերի 11-ին դատապարտվեց 7 տարվա ազատզրկման ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ժամանակ սեփական լիազորությունները չարաշահելու և պետությանը առավել մեծ գումարի չափով վնաս հասցնելու համար: Տիմոշենկոյի ազատազրկման որոշումը սուր քննադատության էր ենթարկվել միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպանների կողմից: