Վարդան Մինասյան. «Մեր խնդիրը նոր հավաքական ձևավորելն էր»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ այսօր ՀՖՖ-ում կայացած հանդիպման ժամանակ ամփոփեց մեր ազգային ընտրանու ելույթները Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում:
Հայ մասնագետը շեշտեց, որ անցած ընտրական փուլում խնդիրը մեկն է եղել` սերնդափոխության իրականացման միջոցով հասնել նոր թիմի ձևավորմանը, կորիզ ստեղծել, որը նաև ձեռագիր կհաղորդի հավաքականի գործողություններին: Նա հայտարարեց, որ այսօր թիմն իր դիմագիծն ունի, համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով, որոնց կողքին հանդես են գալիս նաև փորձառուները` Ռոման Բերեզովսկին և Սարգիս Հովսեփյանը:
«Իռլանդացիների հետ վերջին հանդիպման վերաբերյալ շատ խոսակցություններ են եղել: Բայց ես ունեմ 18 խաղացողներ, որոնց պետք է վստահեմ: Ես չեմ պատկանում այն մարզիչների թվին, ովքեր հայտարարում են, թե հաղթող կազմը չեն փոխում: Այդպես մի ժամանակ էին վարվում: Յուրաքանչյուր խաղին յուրահատուկ մոտեցում է պետք` կախված կոնկրետ մրցակցից և նրա դեմ ընտրված մարտավարությունից: Մենք գիտեինք, որ Իռլանդիայի հավաքականը հիմնականում գրոհելու է եզրերով, ուստի եթե խաղադաշտ մտցնեինք հենակետային երկու կիսապաշտպանների, կկորցնեինք մեկ ֆուտբոլիստի: Մինչև Ռոման Բերեզովսկու հեռացումն ամեն ինչ լավ էր ընթանում: Ուղղակի պետք է արագ դուրս գայինք պաշտպանությունից»,- հայտարարեց Վարդան Մինասյանը` ավելացնելով, որ ընտրական փուլում Հայաստանի հավաքականի համար բեկումնային է եղել Սլովակիայի թիմի հետ երևանյան հանդիպումը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կարծում է, որ անցած ընտրական փուլում մեր թիմին չի բավարարել փորձը` իռլանդացիների ու ռուսների հետ ուղեգրի համար պայքարում հաղթելու համար: Մնացած գործոններով հայաստանյան ընտրանին չի զիջել ոչ մի մրցակցի: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին` արդյոք անհրաժե՞շտ է, Իրանի օրինակով, Հայաստանի առաջնությունում սահմանափակումներ մտցնել, որպեսզի բոլոր դարպասապահները տեղացի լինեն, Վարդան Մինասյանն ընդգծեց, որ նման որոշման կարիք, ըստ էության կա: «Ի վերջո, դարպասապահներն աճում են միայն այն ժամանակ, երբ խաղում են»,- նշեց նա:
Վարդան Մինասյանը հայտարարեց նաև, որ թիմի համալրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Արտասահմանում հանդես եկող մեր հայրենակիցները ուշադրության կենտրոնում են: Հետևելու եմ նաև «Կռիլյա Սովետովի» հարձակվող Ռոման Գրիգորյանի խաղին: Միաժամանակ փորձելու ենք նաև նոր անուններ բացահայտել»,- ասաց նա:
Իսկ արդյոք հավաքականի մարզչական շտաբը կողմնորոշվե՞լ է աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլին նախապատրաստության ծրագրերում: Պատասխանելով մեր թղթակցի հարցին` Վարդան Մինասյանը նշեց, որ այդ հարցով արդեն խոսել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Պլանավորված է ընկերական 4 հանդիպում, որոնցից մեկը կկայանա փետրվարին, երկուսը` մայիսին, ևս մեկը` օգոստոսին: Այս ամսվա վերջում կպարզվի, թե ինչպիսի խաղացանկ ենք ունենալու, որի արդյունքում էլ կհստակեցվեն նախապատրաստական բոլոր աշխատանքները:
Իսկ ինչպիսի՞ խաղացանկ է նախընտրում ունենալ հավաքականի գլխավոր մարզիչը: Նախընտրելի տարբերակներ նա մատնանշում է` հաշվի առնելով, որ այս անգամ հայտնվել ենք ավելի ուժեղ խմբում: Իտալիայի ու Դանիայի ընտրանիները «Եվրո-2012»-ի ուղեգիր են նվաճել, իսկ չեխերը լավ հնարավորություն են պահպանում` դուրս գալու մայրցամաքային առաջնության եզրափակիչ փուլ: «Բայց պետք է նկատի ունենալ նաև, որ նման խոշոր մրցաշարերից հետո թիմերը սովորաբար խնդիրներ են ունենում, այդ թվում` նաև հոգեբանական: Ուստի հնարավոր է, որ դա մեր օգտին է:
Դանիացիների հետ, օրինակ, կցանկանայի հանդիպել գարնանը, քանի որ այդ երկրում և Հայաստանում առաջնությունները գրեթե միաժամանակ են մեկնարկում: Եկեք չմոռանանք նաև Բուլղարիայի ու Մալթայի ազգային թիմերին: Վերջինս, ի դեպ, առաջընթաց է ապրում, և նրան չի կարելի համեմատել, օրինակ, Անդորրայի հավաքականի հետ: Կուզեի նաև, որ առաջին հանդիպումը տանն անցկացնենք` մրցակցելով կամ Բուլղարիայի, կամ Չեխիայի ընտրանու հետ»:
Վարդան Մինասյանը պաշտոնապես նոր պայմանագիր է ստորագրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և շարունակելու է գլխավորել մեր հավաքականը նաև աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: Նա շնորհակալություն հայտնեց իր բոլոր օգնականներին` շեշտելով, որ ձևավորվել է համախոհների թիմ, որն աշխատում է ազգային ընտրանու հետագա զարգացման ուղղությամբ: Ըստ նրա` մեր հավաքականն ի վիճակի է աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել և ամեն ինչ պետք է անի` Բրազիլիա մեկնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում