Սպասվում է, որ ՄԻԵԴ-ը կբավարարի Թաներ Աքչամի հայցը ընդդեմ Թուրքիայի
Ermenihaber.am (Էրմենիհաբեր) լրատվական կայքը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կհրապարակի հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի կողմից Անկարայի դեմ ներկայացրած դատական գործի վճիռը:
Նշենք, որ 2007 թ. Թաներ Աքչամը ՄԻԵԴ-ում հայց էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի` պնդելով, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, մասնավորապես` պատիժների օրինականության, խոսքի ազատության և խտրականության վերաբերյալ հոդվածներին:
ՄԻԵԴ-ը Աքչամի վերոնշյալ հայցի վերաբերյալ Անկարային մի շարք հարցեր է ուղղել և պահանջել 301 հոդվածի նախկին և ներկայիս տարբերակները ( հոդվածում 2008թ ապրիլի 29-ին փոփոխություններ են արվել):
Դատարանը Անկարայից պահանջել է նաև ներկայացնել, թե գործնականում թուրք պետական պաշտոնյաների պատկերացմամբ ինչ են «թրքություն» և «թուրք ազգ» հասկացությունները:
Ըստ աղբյուրի, սպասվում է, որ դատարանը որոշում կկայացնի հօգուտ Աքչամի:
Հիշեցնենք, որ դեռևս 2006 թվականին Աքչամի հանդեպ այս հոդվածով գործ էր հարուցվել, երբ «Ագօս» թերթում հրապարակվել էր վերջինիս հեղինակած «Հրանտ Դինքը, 301-ը և մի մեղադրանք» հոդվածը:
Նշենք, որ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն թուրք ազգի ինքնությունը վիրավորելու համար: Այս հոդվածը, որով դատական հետապնդումների են ենթարկվել Թուրքիայի մի շարք առաջադեմ մտավորականներ, այդ թվում Հրանտ Դինքը և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, բազմիցս քննադատվել է Եվրամիության պատասխանատուների կողմից` խոսքի ազատությունը սահմանափակելու համար: