«Արևորդի»-ն փակվեց. Ավելի քան 70 ֆիլմ 30 երկրներից
Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Արևորդի» փառատոնի փակման պաշտոնական արարողությունը:
Հոկտեմբերի 14-ին Երևանում մեկնարկած «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը Հայաստանը արդեն երրորդ անգամ դարձրեց բնապահպանական խնդիրների քննարկման լայն հարթակ` բնապահպանության խնդիրներով հետաքրքրված անհատների ու կազմակերպությունների հնարավորություն ընձեռելով ոչ միայն գաղափարներ ու փորձ փոխանակել, այլև` միմյանց հետ համագործակցության նոր եզրեր գտնել: «Արևորդին» մեծապես կայացավ իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Փառատոնն այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 14-ին: Կազմակերպիչների հաղորդմամբ, փառատոնի ամենալուրջ ձեռքբերումն այս տարի ֆիլմերի հագեցած ծրագիրն էր. ավելի քան 70 ֆիլմ աշխարհի 30 երկրներից միաժամանակ ցուցադրվեցին Երևանի 11 կինոսրահներում: Փառատոնն ուներ 3 մրցութային ծրագիր և մեկ տեղեկատվական: Մրցութային ծրագրում ներգրավված ֆիլմերը մրցեցին Վայրի բնություն, Բնապահպանական, և Մանկապատանեկան ֆիլմեր ծրագրերում: Փառատոնն ուներ նաև առանձին տեղեկատվական ծրագիր: Արևորդու շրջանակներում հանդիսատեսը վայելեց բնապահպանական ֆիլմերի փայլուն ընտրանի` հնարավորություն ընձեռելով այդ ֆիլմերի միջոցով առավել լավ ճանաչելու Երկիր մոլորակը, մասնավորապես` այն բոլոր բնապահպանական խնդիրները, որոնք այսօր ծառացած են Երկիր մոլորակի և նրա բնակչության առջև: Փառատոնի Ժյուրին ներկայացավ խիստ ներկայանալի կազմով` մանրամասները` www.festival.sunchild.org կայքում:
«Արևորդին» այս տարի նույնպես համախմբեց իր շուրջը հազարավոր պատանիների: Փառատոնի մանկապատանեկան ֆիլմերը դիտեցին տարբեր դպրոցների շուրջ 6.000 պատանիներ:
Այս տարի փառատոնը բացվեց ֆրանսիացի վավերգիր Պատրիկ Ռուսելի «GREEN»ֆիլմով: Ինքը` ռեժիսորը փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էր:
«Արևորդին» ունեցավ փառատոնային 5 հագեցած օր` լի բազմաբնույթ միջոցառումներով և ակցիաներով, այդ թվում` ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, համերգներ, լուսանկարների ցուցահանդեսներ, դիմակահանդես-շքերթ, հանդիպումներ, քննարկումներ, միջազգային համաժողով: Փառատոնի շրջանակներում նշվեց նաև Կենդանաբանական այգու 70-ամյակը:
«Եկեք մի պահ մտածենք, թե ինչ ենք մենք թողնում մեր երեխաներին. մեր իսկ միջամտության արդյունքում, մեր ձեռքերով ոչնչացող վայրի բնությունը: Մեր առողջությունը, հետագա սերունդների առողջությունը վտանգված է ջրի և մթնոլորտի աղտոտվածության պատճառով: Մենք պետք է հասկանանանք, և ներդնենք մեր երեխաների մեջ այն մտածողությունը, որ մարդը բնության տերը չէ, այլ լոկ մի մասնիկն է բնության, որը մեծահոգաբար իրեն կյանք է պարգևել: Փառատոնը, էկոակումբները, բնապահպանական ֆիլմերը, երթերը պատկերավոր միջոցներ են հանդիսանում, որպեսզի այս պատգամները հասնեն իրենց նշանակետին. մեծ ու փոքր հասկանան, գիտակցեն բնապահպանական խնդիրների լրջությունը և առնվազն հետ կանգնեն բնությանը վնաս պատճառող գործողություններից», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ռալֆ Յիրիկյանը Բնապահպանական ֆիլմեր և Վայրի բնություն մրցութային ծրագրերի հաղթողներին հանձնեց հատուկ մրցանակներ` 500-ական ԱՄՆ դոլար յուրաքանչյուրին: Բացի այդ` Մանկապատանեկան ֆիլմեր ծրագրի հաղթողը ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացավ 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ տեսախցիկ:
Փառատոնի փակման ֆիլմը օսկարակիր «Ծովախորշ»-ն է, որի հեղինակը հայտնի վավերագիր Լուի Սիոհոյսն է: