Կհամագործակցեն ՎիվաՍել-ն ու կրթական չորս հաստատություններ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում փոխգործակցության հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող կրթական չորս հաստատությունների միջև` ի դեմս այդ հաստատությունների ղեկավարների: Այդ հաստատություններն են` «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ, Այ Էյ Բի Սենթեր, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն, Գյումրու Մ. Նալբանդյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ:
Արդեն երեքից ավելի տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելություններ է կատարում հայաստանյան բուհեր, որտեղ հանդես է գալիս դասախոսություններով: Մինչ օրս Ռալֆ Յիրիկյանը դասախոսություններով է հանդես եկել մարզերում և Երևանում գործող մի շարք համալսարանների ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի համար` ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար փորձը կորպորատիվ պատասխանատվության, կառավարման մշակույթի, բիզնեսի զարգացման ռազմավարության, ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և այլ ոլորտներում: Սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտին միանգամյա դասախոսություններով չի սահմանափակվում: Բիզնեսի և բարձրագույն կրթության ոլորտի միջև շարունակական կապ հաստատելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնեց Կարիերայի զարգացման ծրագիրը:
«Կուտակած փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու կարևորության գիտակցումը շարժիչ ուժ դարձավ Կարիերայի զարգացման ծրագրի ստեղծման համար: Այս ծրագրի շրջանակում մենք համագործակցում ենք ոչ միայն երևանյան, այլև` մարզային բուհերի և կրթական կենտրոնների հետ: Ընկերության ամենատարբեր վարչություններում մենք հյուրընկալել ենք ստաժավորում անցնող բազմաթիվ ուսանողների: Մեր աշխատակիցները դասավանդում են տարբեր բուհերում: Ապագայում սա կօգնի բավարարել աշխատանքի շուկայում առկա պահանջարկը, իսկ հայաստանցի երիտասարդներին կօգնի շարունակել ապրել և աշխատել Հայաստանում: Այսօր ստորագրվող փոխըմբռնման համաձայնագիրը ևս չորս բուհի հետ էլ ավելի շատ ուսանողների հնարավորություն կտա աշխատանքի շուկայում դառնալու առավել մրցունակ իրենց ոլորտում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
Ստորագրված փոխգործակցության հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների դասավանդման կազմակերպում` ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում:
Փորձ ձեռք բերելու համար, բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բաժանորդների սպասարկում և այլն: Պրակտիկայում ներգրավված ուսանողներն ընկերությունից կստանան աշխատավարձ, ինչը նրանց թույլ կտա հոգալ Երևանում ժամանակավորապես բնակվելու հետ կապված ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան