Գյուլը խոստանում է վրեժ լուծել
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, անդրադառնալով երեկ Չուքուրջայում տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախմանը, ինչի հետևանքով սպանվել էին 24 թուրք զինվորականներ, հայտարարել է. «Նրանք, ովքեր կարծում են, թե նման հարձակումներով կարող են մեր երկիրը ցնցել, կտեսնեն, որ այս ամենի վրեժը շատ մեծ է լինելու: Մեզ այս ցավը պատճառողները կրկնակին կստանան: Այս հարցում մենք վճռական ենք»: Տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) պարբերականը:
Հիշեցնենք, որ երեկ Իրաքի հետ սահմանին գտնվող Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում բախում է տեղի ունեցել քուրդ զինյալների և թուրք զինվորականների միջև:
Քրդական Բանվորական Կուսակցության(ՔԲԿ-PKK) անդամ հանդիսացող քրդերի մի մեծ խումբ կրակահերթ է բացել Չուքուրջայի ոստիկանական և ժանդարմերիայի բաժանմունքների վրա: Թուրք զինվորակնների պատասխանը չի ուշացել: Բախման հետևանքով սպանվել է 24 թուրք զինվորական: