Հայ ծանրորդները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը մեկնեց մերձմոսկովյան Պոդոլսկ մարզավան: Այնտեղ մարզվելուց հետո թիմը կուղևորվի Փարիզ` մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ, մեդալներից բացի, կխաղարկվեն նաև Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրերը: Նախատեսվում է Փարիզ գործուղել սամաղարցի Վանիկ Ավետիսյանին, քասախցի Սամվել Գրիգորյանին (երկուսն էլ` 69 կգ), գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանին (77 կգ), գյումրեցի և արարատցի գերծանրքաշայիններ Հայկ Հակոբյանին և Ռուբեն Ալեքսանյանին: Էջմիածինցիներ Առաքել Միրզոյանը (77 կգ) և Արայիկ Միրզոյանը (85 կգ) Օգսեն Միրզոյանի ղեկավարությամբ նախապատրաստությունը կշարունակեն տանը` Բաղրամյան գյուղում և թիմակիցներին կմիանան Փարիզում:
Պոդոլսկում թիմի մարզումները կղեկավարեն գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, Փաշիկ Ալավերդյանը և Ալեքսան Կարապետյանը:
Կանանց հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի գլխավորությամբ մարզվում է Աբովյանում: Փարիզյան մրցահարթակ, հավանաբար, կելնեն երևանցի Իզաբելա Յայլյանը (53 կգ), բաղրամյանցի Ալլա Սամվելյանը (58 կգ), գյումրեցի Մելինե Դալուզյանը (69 կգ), քասախցի Հռիփսիմե Խուրշուդյանը և գյումրեցի Նաիրա Հարությունյանը (երկուսն էլ` +75 կգ):
Անցյալ տարվա աշխարհի առաջնության արդյունքներով կանանց թիմն ունի առավելագույն թվով` օլիմպիական չորս ուղեգիր: Նույնքան ուղեգիր ունի նաև մեր տղամարդկանց թիմը (տղամարդկանց առավելագույնը վեց ուղեգիր է տրվում): Հնարավոր է, որ նշված թվերը փոփոխվեն: Կանոնակարգով 2011-2012 թթ. աշխարհի առաջնություններում յուրաքանչյուր հավաքականի արդյունքները կգումարվեն, ընդհանուր թիվը կբաժանվի երկուսի, որի արդյունքը ցույց կտա ուղեգրերի քանակը:
Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 6-ին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին