Orange Դելֆին, Orange Պանտերա և Orange Թիթեռ. նոր էջ` ձայնային ծառայությունների պատմության մեջ
Այսօր Orange-ն հանդես եկավ նոր առաջարկով ձայնային ծառայությունների բաժանորդների համար, որը եվրոպական շունչ է բերում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտ` նոր էջ բացելով շուկայում ձայնային ծառայությունների պատմության մեջ:
Նորության մասին այսօր ասուլիսում հայտարարեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` ընդգծելով, որ Orange-ն առաջարկում է Orange Դելֆին, Orange Պանտերա և Orange Թիթեռ ծառայությունները:
«Ինչպես երկու տարի առաջ մենք հեղափոխություն կատարեցինք ինտերնետի շուկայում` առաջարկելով մոդեմներ մեկ դրամով, այնպես էլ այսօր հեղափոխական առաջարկ ենք ներկայացնում ձայնային ծառայությունների ոլորտում: Այս առաջարկները վերափոխելու են ձայնային ծառայությունների հայաստանյան շուկան, որը կինտեգրվի եվրոպական նորագույն միտումներին և կզարգանա դրանց համընթաց»,- ասաց նա:
Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասաց, որ յուրաքանչյուր «կենդանի» խորհրդանշում է որոշակի ամսական բաժանորդագրություն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սակագնային պլանը:
Եվ այսպես: Orange Դելֆին, Orange Պանտերա և Orange Թիթեռ: Երեք կերպարները խորհրդանշում են երեք տարբեր ամսական բաժանորդագրություններ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանում է բաժանորդի որոշակի պահանջների: Երեքն էլ ունեն տարբերակված ` 4000, 6000, 10000 և 20000 դրամ սակագնային պլաններ:
Ա. Մկրտչյանն ասաց, որ Orange Դելֆինը նրանց համար է, ովքեր սիրում են շատ խոսել (բաժանորդները, ամսական ներառված րոպեները սպառելուց հետ ցանցի ներսում կխոսեն 5, իսկ ցանցից դուրս` 35 դրամ / րոպե սակագնով): Orange Պանտերան բջջային ինտերնետի սիրահարների համար է (հայտնի սոցիալական ցանցերում այս բաժանորդները կստանան անսահմանափակ շփվելու հնարավորություն), իսկ Orange Թիթեռը նրանց համար, է ովքեր չեն ցանկանում նախապես ընտրել հեռահաղորդակցության իրենց եղանակը և ուզում են ազատ լինել` օգտագործելու ամսական վճարը:
Նա նաև ասաց, որ իրենք նախատեսել են, որ յուրաքանչյուր ամսական բաժանորդագրությանի հետ ընտրեն նաև հեռախոս ու ստանան այն բացառիկ գնով` կախված ընտրված բաժանորդագրության ձևից, տեսակից, սակագնային պլանից: Միանալով Orange Դելֆին, Պանտերա և Թիթեռ բաժանորդագրություններից մեկին, 12 կամ 24 ամսով կարելի է ձեռք բերել հեռախոս: Orange-ի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանն ասաց, որ հենց այս պահից սկսած Orange-ի խանութներում կարելի է գտնել տարբեր ոճերի ու ապրանքանիշների 29 մոդել լավագույն գնով: