Հրապարակվել է Doing Business 2012 զեկույցը. Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքերը
Համաշխարհային բանկը հրապարակել է «Doing Bussiness 2012» զեկույցը: Հայաստանն այս տարի 6 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 61-րդի փոխարեն 183 երկրների ցանկում հանգրվանելով 55-րդ հորիզոնականում: Զեկույցի համաձայն` Հայաստանի նման առաջընթացը պայմանավորված է երկրում իրականացված բարեփոխումներով: Զեկույցի համաձայն` անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը բարեփոխումներ է իրականացրել 10 չափանիշներից (ինդիկատորներ) 5-ում` «Ընկերության հիմնում», «Շինարարական թույլտվությունների ստացում», «Վարկերի ստացում», «Հարկերի վճարում» և «Ձեռնարկության փակում (լուծարում)»: Ըստ որում, այս ցուցանիշով բարեփոխված ոլորտների քանակով, Հայաստանը 183 երկրների շարքում առաջինն է:
Զեկույցի համաձայն` գործարարության համար ամենաբարենպաստ պայմանները Սինգապուրում են: Ինչպես և նախորդ տարի, 183 երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորում է հենց Սինգապուրը:
Նրան հաջորդում է չինական Հոնգ Կոնգը, որը նույնպես պահպանել է դիրքերը: Ցանկում հաջորդը Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Դանիան են: Աղյուսակում նրանց դիրքը նույնպես նախորդ տարվա համեմատ փոփոխություն չի կրել:
Նորվեգիան, որ անցած տարի 7-րդն էր, այս տարի մեկ կետով բարելավել է դիրքերը` 6-րդ հորիզոնականից դուրս թողնելով Միացյալ Թագավորությանը: Վերջինս, համապատասխանաբար, մեկ կետով նահանջել է:
Doing Bussiness-ի առաջին տասնյակում են նաև Հարավային Կորեան, որը նախորդ տարվա 15-րդի փոխարեն այս տարի բարձրացել է 8-րդ հորիզոնական, և Իսլանդիան` 13-րդից 9-ը: Արդյունքում գործարար միջավայրի պայմանների տեսանկյունից դիրքային հետընթաց են գրանցել Շվեդիան ու Սաուդյան Արաբիան: Իռլանդիան, որ անցած տարի 8-րդն էր, այս տարի հանգրվանել է 10-րդ հորիզոնականում:
Գործարար միջավայրի տեսանկյունից վատագույն երկրները հիմնականում Աֆրիկայում են: Doing Bussiness 2012-ի արդյունքներով` դրանք են Գվինեան, Էրիտրեան, Կոնգոյի Հանրապետությունը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Չադը:
Որոշ երկրների ցուցանիշները DB2012 վարկանիշային աղյուսակում
Երկիր |
DB2012 rank |
DB2011 rank |
Դինամիկա | Բարեփոխված ոլորտների քանակ |
Սինգապուր | 1 | 1 | 0 | 0 |
Հոնգ Կոնգ | 2 | 2 | 0 | 2 |
Նոր Զելանդիա | 3 | 3 | 0 | 1 |
ԱՄՆ | 4 | 4 | 0 | 0 |
Դանիա | 5 | 5 | 0 | 1 |
Նորվեգիա | 6 | 7 | 1 | 0 |
Մեծ Բրիտանիա | 7 | 6 | -1 | 1 |
Հարավային Կորեա | 8 | 15 | 7 | 3 |
Իսլանդիա | 9 | 13 | 4 | 2 |
Իռլանդիա | 10 | 8 | -2 | 0 |
Սաուդյան Արաբիա | 12 | 10 | -2 | 1 |
Շվեդիա | 14 | 9 | -5 | 0 |
Վրաստան | 16 | 17 | 1 | 4 |
Լատվիա | 21 | 31 | 10 | 4 |
Էստոնիա | 24 | 18 | -6 | 0 |
Լիտվա | 27 | 25 | -2 | 2 |
Ղազախստան | 47 | 58 | 11 | 1 |
Հայաստան | 55 | 61 | 6 | 5 |
Ադրբեջան | 66 | 69 | 3 | 0 |
Բելառուս | 69 | 91 | 22 | 3 |
Թուրքիա | 71 | 73 | 2 | 2 |
Մոլդովա | 81 | 99 | 18 | 4 |
Ռուսաստան | 120 | 124 | 4 | 4 |
Իրան | 144 | 140 | -4 | 0 |
Տաջիկստան | 147 | 152 | 5 | 1 |
Ուկրաինա | 152 | 149 | -3 | 4 |
Ուզբեկստան | 166 | 164 | -2 | 1 |
Ամբողջական աղյուսակին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հայաստանի դեպքում զեկույցի հեղինակները մասնավորապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ երկիրը մեկ պատուհանի կիրառման միջոցով հեշտացրել է բիզնես սկսելու` ընկերություն հիմնելու ընթացակարգը: Այն հանգամանքը, որ Հայաստանում կարելի է մեկ պատուհանի միջոցով, ինչպես նաև առցանց տարբերակով գրանցել ընկերությունը, հնարավորություն է ընձեռել, որ երկիրը «Ընկերությունների հիմնում» ոլորտում 183 երկրների շարքում զբաղեցնի 10-րդ հորիզոնականը: Սա այս ոլորտում Հայաստանի ունեցած դիրքը բարելավել է 10 կետով:
Շինարարական թույլտվությունների ստացման ոլորտում բարելավումը զեկույցի հեղինակները բացատրել են այն իրողությամբ, որ վերացվել է փոքր նախագծերի դեպքում բնապահպանական փորձաքննության պարտադիր պահանջը: Այս քայլը երկրի վարկանիշի վրա դրական է ազդել միանգամից 38 կետով` նախորդ տարվա 95-րդի փոխարեն Հայաստանը շինթույլտվությունների ստացման առումով այժմ աշխարհում 57-րդն է:
Վարկավորման ոլորտում երկրի առաջընթացը պայմանավորված է վարկային տեղեկատվական համակարգի բարելավմամբ: Զեկույցի հեղինակներն այդպես են որակել հանրային ծառայություններ մատուցող ձեռնարկություններից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ նորամուծությունը: Այս քայլը վարկավորման հարցում Հայաստանի վարկանիշի վրա դրական է անդրադարձել 5 կետով:
Հարկերի հավաքման ոլորտում առաջընթաց է որակվել Հայաստանի կառավարության այն քայլը, որով ձեռնարկությունների կողմից սոցվճարների ու հարկերի վճարման պարբերականությունը կրճատվել է` հասնելով եռամսյակը մեկ անգամի, ու նաև հնարավորություն է տվել հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Այս նորամուծությունները համապատասխան ոլորտում երկրի վարկի վրա դրական են ներգործել` դիրքը բարելավելով 6 կետով: Այնուամենայնիվ, հարկերի հավաքումը Doing Bussiness-ի չափանիշների շարքում մնում է ամենախնդրահարույց ոլորտը: Հայաստանի վատագույն ցուցանիշը հենց այս ոլորտում է` 183 երկրների շարքում 153-րդը:
Զեկույցի հեղինակները դրական են գնահատել Հայաստանում Սնանկության մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով պարզաբանվում է արբիտրաժային կառավարիչների նշանակման կարգը, նվազեցվում է սնանկության ճանաչման ժամանակահատվածն ու կարգավորվում է աճուրդի միջոցով ակտիվների իրացումը: Եվ չնայած այս փոփոխություններին, ձեռնարկությունների լուծարման ոլորտում երկիրը ոչ միայն չի բարելավել դիրքը, այլև` 6 կետ կորցրել է: Պատճառը մյուս երկրներում ավելի խորքային բարեփոխումներն են:
Հայաստանի դիրքը DB զեկույցի առանձին ոլորտներում 2012-ին և 2011-ին
Ոլորտներ/ինդիկատորներ | DB 2012 rank |
DB2011 rank |
Փոփ. |
Ընկերության հիմնում | 10 | 20 | 10 |
Շինարարական թույլտվությունների ստացում | 57 | 95 | 38 |
Էլեկտրաէներգիայի ստացում | 150 | 148 | -2 |
Սեփականության գրանցում | 5 | 4 | -1 |
Վարկերի ստացում | 40 | 45 | 5 |
Ներդրողների պաշտպանություն | 97 | 93 | -4 |
Հարկերի վճարում | 153 | 159 | 6 |
Արտաքին առևտրի իրականացում | 104 | 103 | -1 |
Պայմանագրերի կատարում | 91 | 64 | -27 |
Ձեռնարկության փակում (լուծարում) | 62 | 56 | -6 |
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին