Նախարարություն. 1991թ-ից թիթեղյա տնակում ապրող 41-ամյա Կարենը բնակարան կստանա
«Մեծացել եմ մանկատանը, մանկահասակ տարել եմ պոլիոմելիտ հիվանդությունը և ներկայում 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Ծնողազուրկ, չունեմ նաև հարազատներ: 1991թ-ից բնակվում եմ Երևանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 15-16 շենքերի միջանկյալ հատվածում տեղադրված թիթեղյա կրպակում, որը զուրկ է տարրական պայմաններից ու հարմարություններից….»: Սա հատված է մանկատան նախկին սան, 41-ամյա Կարեն Միրզոյանի նամակից, որը հասցեագրված է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Եվ այս նամակի հիման վրա է, Panorama.am-ին տեղեկացրեց տիկին Բախշյանը, որ հարցադրմամբ դեռևս օգոստոսի սկզբին դիմել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Նամակագիրը տեղեկացնում է, որ դեռևս 1990թ-ին` ԽՍՀՄ օրոք, գործադիր կոմիտեն որոշում է կայացնում իրեն վերցնել բնակհաշվառման, բայց տարիներ շարունակ դիմել է պետական բոլոր ատյաններին ու համապատասխան գերատեսչություններին, սակայն մինչ օրս դրական պատասխան չի ստացել:
Օգոստոսին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նամակով տիկին Բախշյանին տեղեկացրել է, որ սույն թվականի սեպտեմբերին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում շահագործման է հանձնվելու մի շենք, որում, եթե իհարկե Կարեն Միրզոյանը ցանկություն հայտնի, նրան կտրամադրվի մեկ սենյականոց բնակարան:
«Սակայն դրանից հետո Կարենն ինձ տեղեկացրեց, որ գնացել է նախարարություն, բայց կոնկրետ որևէ բան նրան չեն ասել…Սա արդեն սեպտեմբերի վերջին էր»,- պատմեց տիկին Բախշյանն ու ըստ այդմ տեղեկացրեց, որ դրա հետքերով դարձյալ պարզաբանող նամակ է նախարարությանը հասցեագրել, թե` «սեպտեմբերը վերջացավ, արդեն հոկտեմբերն է, ի՞նչ եղավ Կ.Միրզոյանին բնակարան տրամադրելու հարցը»: Դեռ պատասխան չկա, այսօր է, որ լրացավ պատասխանի համար անհրաժեշտ տասնօրյա ժամկետը, այնպես որ.
«Հույս ունենամ, որ երկուշաբթի պատասխանը ձեռքիս կլինի ու հստակ կլինի նաև` այս անգամ պետությունը Կ.Միրզոյանին բնակարան վերջապես կտրամադրի, թե ոչ… քսան տարի անց»,- հավելեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Եվ նախքան տիկին Բախշյանը կստանար նամակի պատասխանը, Panorama.am-ը հարցադրմամբ դիմեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ մեզ փոխանցեցին փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի պաշտոնական պատասխանը.
«Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կառուցված սոցիալական տունը շահագործման չի հանձնվել, քանի որ շենքի ջրամատակարարման աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Տեղեկացնում ենք, որ սոցիալական տան շահագործման դեպքում բնակարաններ կստանան բոլոր ընտրված անձինք, այդ թվում նաև Կարեն Միրզոյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա