ԱԳՆ-ն չի հաստատում ՀՀ նախագահի Վրաստան կատարելիք այցի մասին տեղեկությունը
«Իմ ունեցած տեղեկություններով նոյեմբերի առաջին կեսին Հանրապետության Նախագահի օտարերկրյա այց նախատեսված չէ»,-այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի, ի պատասխան լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք ուղեկցելու է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հանրապետության նախագահին նոյեմբերի սկզբին Վրաստան կատարելիք այցի ժամանակ:
Տ. Բալայանը նաև ներկայացրել է այս ամսվա ընթացքում ԱԳ նախարարի հագեցած օրակարգը, ըստ որի, նա հոկտեմբերի 23-25-ը կուղեկցի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին Ռուսաստանյան Դաշնություն կատարելիք պետական այցելության ընթացքում:
«Հոկտեմբերի 26-ին Երևանում արտգործնախարարը կբացի Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը: Նույն օրը նախարար Նալբանդյանը կմասնակցի Երևանում կայանալիք ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի բացմանը և կընդունի Փարիզի քաղաքապետին:
Հոկտեմբերի 27-ին Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում կստորագրի Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում:
Հոկտեմբերի 29-ին Փարիզում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՈ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին»,-ասել է Տ. Բալայանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն ավանդական ճեպազրույցում հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին ՀՀ նախագահը եռօրյա այցով կլինի Վրաստանում: