Քաղաքապետը հույս է հայտնել, որ «Ռոստելեկոմ»-ի համագործակցության լայն դաշտ կձևավորվի
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսական առաջատար ընկերության հնարավոր համագործակցության հարցեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման և կիրառման դերը քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման հարցում, Կարեն Կարապետյանը հյուրերին նախ ներկայացրել է «Ռոստելեկոմ»-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները: Որպես այդպիսիք, քաղաքապետի դիտարկմամբ, կարող են լինել «Անվտանգ քաղաք», «Էլեկտրոնային քաղաք» և «Ստորգետնյա այլընտրանքային հաղորդուղիների ցանց» նախագծերը, որոնց ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարվում են քաղաքապետարանի համապատասխան օղակների կողմից:
«Այդուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, քաղաքային տնտեսության բոլոր այն ոլորտները, որոնք ունեն բիզնես տրամաբանություն, պետք է կառավարվեն մասնավոր հատվածի կողմից: Այդպիսով հնարավոր կդառնա շատ ավելի արդյունավետ կառավարել ցանակացած ոլորտ, ինչն ակնհայտորեն կբարձրացնի տվյալ օղակում մատուցվող ծառայությունների որակը»,- նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու հույս հայտնել, որ «Ռոստելեկոմ»-ի հետ ևս փոխշահավետ համագործակցության լայն դաշտ կձևավորվի:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և վստահության համար, «Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել քաղաքապետի նշած նախագծերի շրջանակում և խոստացել առաջիկա ամիսների ընթացքում քննարկան ներկայացնել ընկերության առաջարկների ամբողջական փաթեթը:
«Մեզ համար, ըստ էության, սա կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գործունեություն ծավալելու առաջին փորձը: Եվ հաշվի առնելով կառավարման մասով Ձեր մոտեցումները, ինչպես նաև Երևանում գործող մեր ռազմավարական գործընկերոջ` «Ջի Էմ Սի Ալֆա» ընկերության առկայությունը, հուսով եմ այդ փորձը կլինի արդյունավետ ու կդառնա օրինակելի»,-նշել է «Ռոստելոկոմ» ընկերության նախագահը:
Հաշվի առնելով ընկերության «Դատա Կենտրոն»-ներ ստեղծելու մեծ փորձը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի հետ քննարկել է նաև Երևանի քաղաքապետարանի միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հնարավորության, ինչպես նաև երևանցիների համար էլեկտրոնային միասնական ծառայությունների համակարգի ստեղծման ու զարգացման հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին