VivaCell-MTS-ի և Orange-ի բաժանորդները կարող են անանուն հարցեր ուղղել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ
VivaCell-MTS-ի և Orange-ի բաժանորդները 6428 կարճ համարին կարող են հարցեր ուղղել` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող տեղեկատվություն ստանալու նպատակով:VivaCell-MTS և Orange բջջային օպերատորները Հայկական Կարմիր խաչի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ միասին` ձեռնարկում են դարի չարիք հանդիսացող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ գործողություններ:
Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերակցության (ՀԿԽԸ) մասնաշենքում հրավիրվել էր մամլո ասուլիս` VivaCell-MTS-ի, Orange-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկվարների մասնակցությամբ` դարի չարիք հանդիսացող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ գործողությունների «Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ» ծրագրի մեկնարկն ազդարարելու նպատակով:
2011թ. հունիսի 1-ից Հայկական Կարմիր Խաչի Ընկերությունը (ՀԿԽԸ) և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին և նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը:
Ծրագրի շնորհիվ այսօրվանից VivaCell-MTS և Orange բջջային օպերատորների բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցն անանուն ուղղել տրամադրված 6428 կարճ համարին (1 SMS-ի արժեքն է 0 դրամ) և 24 ժամվա ընթացքում ստանալ ճշգրիտ ու հակիրճ պատասխան:
ՀՀ ՁԻԱՀ-ի Կանխարգելման Ազգային կենտրոնի կողմից պատրաստված ՀԿԽԸ երիտասարդ կամավորների ուժերով կսահմանվի շուրջօրյա ծառայություն` հարցերին ինտերֆեյս ծրագրի միջոցով արագ արձագանքելու, հատուկ ստեղծված կայքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու ինչպես նաև համապատասխան ինտերնետային կայքերին հղումներ կատարելու նպատակով:
ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՄԻԱՎ վարակն առաջին անգամ արձանագրվել է 1981թ.-ին` ԱՄՆ-ում: Այսօր այն տարածվել է բոլոր մայրցամաքներում` վերածվելով գլոբալ համաճարակի վ: 2009թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն կար մոտ 33,3մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
1988թ. մինչև 2011թ օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է:
Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գծի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով, նախատեսվում է ծրագրի ամբողջ ընթացքում իրականացնել ազգային տեղեկատվական քարոզարշավ` թռուցիկների և պաստառների տարածում, տեղեկատվություն սոցիալական ցանցերում, հայտարարություններ ռադիոյով և հեռուստատեսությամբ:
Ծրագիրն իրականացվում է VivaCell-MTS և Orange բջջային կապի օպերատորների հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում է նաև Նիկիտա Մոբայլ ՍՊԸ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին