Հայաստանին մալարիայից ազատ երկրի կարգավիճակ է շնորհվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին շնորհել մալարիայից ազատ երկրի կարգավիճակ: Այս առթիվ օրերս Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային տնօրեն Ժուժաննա Յակոբն իր և գրասենյակի աշխատակիցների անունից շնորհավորել է Հայաստանին ու առողջապահության նախարարին: Նա նշել է, որ Հայաստանը մալարիայի էլիմինացման վկայագրման գործում տպավորիչ արդյունքների է հասել: Նույն առիթով ոլորտի պատասխանատուն այս ամսվա սկզբին նամակ է ստացել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանից:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ Հայաստանը եվրոպական տարածաշրջանում առաջին երկրներից է, որը կարողացել է վերացնել (էլիմինացնել) տեղական մալարիան: Բարեհաջող իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա 2009 թվականին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը երկիրը մալարիայից ազատ գոտի վկայագրելու համար:
Հայաստանի վկայագրումը` որպես մալարիայից ազատ տարածք, տուրիզմի զարգացման և երկրի հեղինակության բարձրացման համար զգալի խթան կհանդիսանա:
Վկայագրման փաստը կարտացոլվի ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրատարակվող տեղեկատվական գրքույկում, ուր կնշվի, որ Հայաստանում մալարիայի վտանգ չկա, հետևաբար մեր երկիր գալու համար զբոսաշրջիկը կարիք չունի զգուշանալ մալարիայից:
Հայաստանին մալարիայից ազատ երկրի կարգավիճակ շնորհելը, ինչի մասին կտեղեկացվի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կայքում, կարևոր փուլ է 2015 թվականին մալարիայի էլիմինացման նպատակակետին հասնելու գործընթացում, ինչին սկիզբ դրվեց Տաշքենդյան հռչակագրով՝ «Առաջ՝ մալարիայի դեմ պայքարից դեպի մալարիայի էլիմինացումը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում»:
Ավելացնենք, որ ապրիլի 25-ը նշվում է որպես մալարիայի համաշխարհային օր: Աշխարհի հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում և շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո:
Մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.:
1994 թվականին մալարիան կրկին ներխուժեց Հայաստան: Համալիր և բազմոլորտ պայքար ծավալվեց Հայաստանում տեղական մալարիան վերացնելու ուղղությամբ: Այս գործում երկրին աջակցել է միջազգային հանրությունն` ի դեմս միջազգային կազմակերպությունների: 2006-ից Հայաստանում մալարիայի հիվանդացության դեպքեր չեն գրանցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա