Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում
Հոկտեմբերի 20-21-ին Երևանում գումարված Եվրոպական շարժման միջազգային կոնգրեսի առաջնորդներ Փաթ Կոքսը և Շարլ Ֆերդինանտ Նոթոմբը, երեկ` օրվա 2-րդ կեսին, կոնգրեսի աշխատանքների ավարտից հետո այցելել են Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան` ծանոթանալու Երևան մայրաքաղաքի բնօրրանին:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ նրանք շրջել են ամրոցի միջնաբերդում և հետաքրքրվել ուրարտական բերդաքաղաքի պատմության մանրամասներով, ինչպես նաև հետաքրքրությամբ դիտել են արգելոց-թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված պեղածո նյութերը` Էրեբունիից, Շենգավիթից և Կարմիր բլուրից:
Եվրոպական շարժման առաջնորդները Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին կարևորել են պատմամշակութային ժառանգության պահպանության սկզբունքները և մոտեցումները, մասնավորապես նշել են քաղաքային միջավայրում հնագիտական ժառանգության ներկայացման բարդությունները:
Պատվավոր հյուրերը իրենց տպավորություններն են գրառել արգելոց-թանգարանի հուշամատյանում: Շարժման նախագահ Փաթ Կոքսը, ով ազգությամբ իռլանդացի է, հին իռլանդերեն գիրը նմանեցրել է ուրարտական սեպագրին և իր նախնիների լեզվով գրել է. «Անչափ տպավորված եմ այս այցելությունից»:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Բելգիայի պետական նախարար Շարլ Ֆերդինանտ Նոթոմբը թողել է հետևյալ գրառումը. «Փորձելով մեզ համար բացահայտել Երևանը` մենք հասկացանք` թե որտեղ է Նոյը որոշել իջնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում