Դիարբեքիր Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգերը երկրատև դադարից հետո կրկին ղողանջեցին
Երեկ հոկտեմբերի 23-ին շուրջ 30 տարի դադարից հետո կրկին ղողանջեցին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգերը: Եկեղեցին վերաբացվեց և պատարագ մատուցվեց:
Թուրքական netgazete.com լրատվական կայքի տեղեկացմամբ` պատարագին մասնակցել են Ադանայում ԱՄՆ-ի հյուպատոս Շարոն Անդերհոլմ, Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և ուրիշներ:
Արամ Աթեշյանի գլխավորությամբ իրականացված պատարագին մասնակցել են երկրի ներսից և դրսից եկած շուրջ հազար հայեր:
Իր ելույթում Դիարբեքրիր քաղաքապետը ասել է. «Այս ուրախությունը մարդականց սրտերից է գալիս: Անհրաժեշտ է սիրով առաջ շարժվել և ամեն բան սիրով անել: Այս աշխարհում, այս երկրում, այս քաղաքում բոլորի համար տեղ կա»:
Նշենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: Եկեղեցու պատերի արձանագրություններում որպես կառուցման տարեթիվ նշվում է 1515-18թթ.:
Եկեղեցու 29 մետր բարձրությամբ ոսկեզօծ խաչով գմբեթը 1915-ին թնդանոթով պայթեցրել են` շրջակա մզկիթների մինարեթերից ավելի բարձր չերևալու համար:
1915 թ. հետո Սուրբ Կիրակոսը կիսավեր վիճակում է գտնվել և չի գործել: Առաջին աշխարհամարտի տարիներին օգտագործվել է որպես գերմանական զինվորական շտաբ, ապա` բամբակի պահեստ:
1950-ականներին հայերի ջանքերով այն կրկին վերաբացվել է, սակայն 1960-ական թթ քաղաքում մնացած հայերի նկատմամբ ճնշումների պատճառով մինչև 1990-ականները հայերի մեծ արտահոսք է սկսվել, ինչի հետևանքով եկեղեցին հանձնվել է տարեցների խնամքին և սկսել աստիճանաբար փլվել:
Հիշեցնենք, որ եկեղեցու վերանորոգումը իրականացվել է ստամբուլահայերի կողմից ստեղծված «Սբ. Կիրակոս հիմնադրամ"-ի կողմից: Վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 3 միլիոն 400 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան