«Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011». Միջոցառմանը կմասնակցի նաև Հայաստանը
Հոկտեմբերի 25-27-ը Ժնևում (Շվեյցարիա) տեղի կունենա Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպված «Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» (ITU Telecom World 2011) միջոցառումը, որին կմասնակցի նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:
Միջոցառման շրջանակներում նախարար Մ.Վարդանյանը հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում` ITU գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի և ITU զարգացման բյուրոյի տնօրեն Բրահիմ Սանույի: Տրանսպորտի և կապի նախարարության հաղորդմամբ, նախատեսվում են համաժողովներ, ինչպես նաև ղեկավար կազմի գագաթաժողով` հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների և դրանց ամենաարդյունավետ լուծումները գտնելու նպատակով:
«Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011» շրջանակներում կլինեն քննարկումներ համացանցի ապագայի, տվյալների ազատ և անվտանգ փոխանցման, շարժական լայնաշերտ կապի ապահովման, նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաև հաջողված հանրային և մասնավոր սեկտորի համագործակցության մոդելների ուսումնասիրությանը:
Կկազմակերպվի նաև հաղորդակցական տեխնոլոգիաների և դրանց կիրառման թեմայով տեխնիկական ցուցահանդես, որի ընթացքում առանձին տաղավարներում կցուցադրվեն մի շարք ընկերությունների թվային և հաղորդակցական տեխնոլոգիաներ ու գործիքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին