Արյունալի վենդետա Լիբիայում. Քադաֆիի կողմնակիցներից 53 մարդ է սպանվել
Լիբիական Սիրտ քաղաքում, որը նախկին առաջնորդ հանգուցյալ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն էր, հյուրանոցներից մեկում 53 մարդու դիակ է հայտնաբերվել: Իրավապաշտպանները ենթադրում են, որ նրանց սպանել են ընդդիմության գրոհայինները: Նրանք նաև նշել են Տրիպոլիում բնակչության նկատմամբ բռնություն գործադրելու մասին:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը փոխանցում է, որ միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը լիբիական նոր իշխանություններից պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու ինչպես և ինչ պայմաններում են Մուամար Քադաֆիի հարազատ քաղաքում սպանվել այդ 53 մարդիկ:
Սպանվածներից ոմանց ձեռքերը կապկպված են եղել, այնտեղ, հյուրանոցում, հայտնաբերվել են նաև «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտներ և FN-1 տեսակի նռնակներ:
Դա հիմք է տալիս իրավապաշտպաններին ենթադրելու, որ հյուրանոցում Քադաֆիի կողմնակիցների մասսայական ջարդ է իրականացվել: Ավելին, ըստ իրավապաշտպանների, այդ օրերին, հոկտեմբերի 14-ից 19-ը, հյուրանոցը վերահսկվել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ռազմական ուժերի կողմից: