ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը ուղղակի չի ցանկանում համաձայնության գալ միջնորդների արած առաջարկությունների վրա
Տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանցիներն ուղղակի չեն ցանկանում համաձայնության գալ այն հիմքի վրա, որն առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ շատ քննադատություն է հնչում Մինսկի խմբի համանախագահների հասցեին, մենք դատարկ տեղը նրանց երբեք չենք քննադատում, քանի որ, եթե խնդրել ենք միջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետություններին, ապա պետք է գնահատենք այն ջանքերը, որոնք նրանք գործադրում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Իմ կարծիքով հարցը միջնորդների մեջ չէ: Այլ այն է, թե ինչպես են կողմերը վերաբերվում այն առաջարկություններին, որոնք ներկայացվում են միջնորդների կողմից: Ի՞նչ ունենք այսօր: Ադրբեջանից այսօր հնչող գաղափարները, թե առանց սկզբունքների հարցում պայմանավորվածության, անցնենք խաղաղ համաձայնագրի մշակմանը, չի համապատասխանում ոչ բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոչ էլ համանախագահների դիրքորոշմանը, որը նրանք բազմիցս հնչեցրել են: Եթե մենք ի զորու չենք համաձայնության գալ սկզբունքների հարցում, ապա ինչ հիմքի վրա պետք է պատրաստենք հիմնական համաձայնագրի տեքստը: Տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանցիներն ուղղակի չեն ցանկանում համաձայնության գալ այն հիմքի վրա, որն առաջարկվում է ԵԱՀԿ համանախագահ երկրների կողմից», - ասել է նախարարը:
Պատասխանելով Կազանի հանդիպումից հետո բանակցային գործընթացում ստեղծված դադարի, ինչպես նաև նոր եռակողմ հանդիպումների անցկացման հավանականության վերաբերյալ հարցին, Նալբանդյանն ասել է.
«Նախ` շնորհակալ ենք այն մեծ ջանքերի համար, որ գործադրում է Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի այլ համանախագահների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ: Առանձնակի երախտապարտ ենք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերին, որոնք նա գործադրել ու գործադրում է: …Ցավոք, Կազանը վճռորոշ հանդիպում չդարձավ: Չնայած կային հույսեր, որոշակի լավատեսություն, քանզի մինչ հանդիպումը մենք եկել էինք որոշակի համաձայնությունների: Ցավոք, Ադրբեջանը վերջին պահին հետքայլ արեց: Ադրբեջանցիները 10 փոփոխություն առաջարկեցին ավելի վաղ համարյա համաձայնեցրած տեսքստում: Դա առաջին անգամը չէր, այլ նախորդ բոլոր գագաթաժողովների սցենարների կրկնությունն էր», - ասել է նախարարը, միաժամանակ նշելով, թե բանակցային գործընթացը շարունակվում է, քանի որ այն այլընտրանք չունի: