Ս. Հարությունյան. Վատ չէ, երբ երիտասարդներն արտասահման են գնում, սակայն վատ է, որ նրանք գնում են և չեն վերադառնում
«Գիտության ոլորտում երիտասարդացման ծրագիրը կարևոր է, այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում իրականացվող բոլոր գրանտային ծրագրերում պարտադիր պայմաններից մեկն այն է, որ գոնե մինչև 30 տարեկան մեկ երիտասարդ` ասպիրանտ, կամ երիտասարդ գիտաշխատող կամ ուղղակի հայցվոր, պետք է դիմի:
Նրա խոսքով, երիտասարդների համար կան հատուկ գրանտային ծրագրեր և նման ծրագրերի համար իրենք ամեն տարի ծախսում են մոտ 100 մլն դրամ: Բացի դրանից, Ս.Հարությանյանը նշեց, որ ունեն նաև ասպիրանտների աջակցման ծրագիր, երբ ամեն տարի հայտարարված մրցույթի շրջանակում ասպիրանտներին մեկ տարվա համար տրվում է մոտ 1,5 մլն դրամ` իրենց թեզը ամփոփելու, գիտաժողովների մասնակցելու համար: Ս.Հարությունյանը տեղեկացրեց, որ երիտասարդական ծրագերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև մի շարք միջազգային կառույցներ, բացի դրանից այս ծրագրերին միացել է նաև մասնավոր հատվածը:
«Երիտասարդ գիտնականների համար նաև իրականացվում է բնակարանային շինարարության ծրագիր և կարծում եմ, որ այս բոլոր ծրագրերը պետք է նպաստեն, որպեսզի երիտասարդ գիտնականները մնան և աշխատեն Հայաստանում»,- ասաց Ս. Հարությունյանը` հավելելով, որ այս միջոցառումները դեռևս բավարար չեն, որպեսզի արմատապես լուծվի այս խնդիրը, բայց աստիճանաբար` բյուջեի մեծացմանը զուգընթաց, ըստ նրա, այս ծրագրերը ավելի լուրջ բնույթ կկրեն:
Իսկ ինչ վերաբերում է երիտասարդների արտերկիր գնալուն, ապա Ս.Հարությունյանը նշեց, որ դա վատ չէ, երբ երիտասարդներն արտասահման են գնում, սակայն վատն այն է, որ նրանք գնում են և չեն վերադառնում:
«Ցանկացած գիտնական պետք է միջազգային գիտաժողովների մասնակցի, ուղղակի խնդիրը նրանում է, որ ապագայում երիտասարդ գիտնականները գնան վերապատրաստվեն ու հետ գան: Կարծում եմ` այս ծրագրերը կնպաստեն, որ մեր երիտասարդները Հայաստանում իրենց ավելի լավ զգան»,- ընդգծեց ԳՊԿ-ի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին