Թուրքիան մերժել է Իսրայելի օգնության առաջարկը
Պաշտոնական Անկարան մերժել է երկրի հարավ-արևելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար իսրայելական իշխանությունների առաջարկած օգնությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը իսրայելական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում:
Նշենք, ավելի վաղ իսրայելական կողմը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիային օժանդակություն ցուցաբերել` աղետի վայր ուղարկելով փրկարարական ջոկատներ:
«Ես զարմացած եմ, որ Թուրքիային անհրաժեշտ չէ մեր օգնությունը», - ասել է Բարաքը:
Ավելի ուշ, «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ՆԳ նախարարության անանուն աղբյուրին, հայտնել էր, թե Թուրքիան մերժել է ոչ միայն Իսրայելի, այլև բոլոր երկրների նմանատիպ առաջարկությունները:
Նշենք, վերջին տվյալների համաձայն, երեկ Վանում արձանագրված երկրաշարժի հետևանքով զոհերի քանակը հասել է 217-ի, տուժել է ավելի քան 1000 մարդ:
Աղետից հետո թուրքական իշխանություններին օգնություն ցուցաբերելու առաջարկությամբ հանդես էին եկել տասնյակից ավելի երկրներ, այդ թվում Հայաստանը: