Թուրքական երկրաշարժը ՀԱԷԿ-ի վրա չի ազդել. պարզաբանում
Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։ Այդ մասին տեղեկացրել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը` մեկնաբանելով թուրքական աղբյուրների տարածած տեղեկությունը, թե Վանում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժը ազդել է նաև հայկական ատոմակայանի վրա:
«Ավելին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել», -նշել է նա` փոխանցելով, որ երկրաշարժն իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել:
Նշենք, որ հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների համար։