ԵԱՀԿ պաշտոնատար անձինք հույս ունեն, որ ադրբեջանցի ակտիվիստներն ազատ կարձակվեն
Եվրոպայի մարդու իրավունքների և անվտանգության հարցերով հիմնական կազմակերպության` ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Ադրբեջանում ազատ կարձակեն «Facebook» սոցիալական ցանցով հակաիշխանական քարոզչության համար ձերբակալված երկու ակտիվիստները:
Այս մասին հայտնում է Եվրոպայի «Ազատություն» ռադիոկայանի տեղեկատվական կայքը:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միջատովիչը ռադիոկայանին հայտնել է, թե քննարկել է ձերբակալված Ջաբար Սավալանլիի և Բախտիյար Հաջիյեվի դժվարին կացությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն չի նշել, թե կոնկրետ երբ է կայացել այդ զրույցը:
Ընդդիմադիր ակտիվիստ Ջաբար Սավալանլին և Հարվարդի Համալսարանի շրջանավարտ Բախտիյար Հաջիյեվը ձերբակալվել են սոցիալական կայքերը որպես Ադրբեջանի պաշտոնյաներին քննադատելու գործիք օգտագործելու համար, սակայն պաշտոնական մեղադրանքը քրեական հանցանքն է եղել: Հաջիյեվին դատապարտել են զինծառայությունից խուսափելու համար, իսկ Սավալանլիին` թմրանյութերի անօրինական պահպանման համար:
Այն փաստարկին, թե ձերբակալված բլոգերները լրագրողներ չեն, Միջատովիչը նշեց, որ իր լիազորությունների շրջանակներում է անդրադառնալ ցանկացած անհատի խնդրին, ով ձերբակալվել է իր կարծիքն ազատ արտահայտելու համար:
Կայքը հիշեցնում է, որ մայիսին` Ադրբեջան Միջատովիչի այցից հետո, ազատ արձակվեց բանտում չորս տարի անցկացրած լրագրող, թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլայեվը, որը դարձել էր Ադրբեջանում խոսքի ազատության ճնշման խորհրդանիշը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Միջատովիչը նշել է. «Ես իսկապես կարծում եմ, որ Ադրբեջանում տեղի ունեցող ամեն ինչը, այդ երկրի կառավարության որոշման արգասիքն է»: Նա նաև տեղեկացրել է, որ շուտով Ադրբեջան կայցելի` քննարկելու անվանարկության ապաքրեականացման հարցը: