Դ. Ջամալյան. Ալիևյան կլանն իսկապես մտահոգված է մեր երկրի ռազմական ներուժով
«Ադրբեջանական քարոզչության վերջին ամիսների աշխատանքին բնորոշ է հետևյալ մարտավարական հնարքը. վարկաբեկել այն ամենն ինչ առավելություն է տալիս հայկական կողմին և ինչին Բաքվում համարժեք պատասխանելու հնարավորությունը չունեն: Մասնավորապես այս մարտավարական հնարքը ալիևյան քարոզչամեքենան բանեցնում է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համատեքստում: Հայաստանին «Ռուսաստանի ֆորպոստ» որակելը դարձել է Բաքվի փորձագետների մասնագիտական պիտանելիության կարևոր ատրիբուտի: Հավանաբար Բաքվում այս հնարքին մեծ տեղ են տալիս, քանզի այսօր այդ քարոզչական կլիշեն կիրառեց նաև Իլհամ Ալիևը` Բրիթիշ Փեթրոլիումի համար մի մեծ նավթահորի վերածված Ադրբեջանի նախագահը»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանում անցկացված զորահանդեսի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին անդրադարձել էր ՀՀ-ում անցկացված զորավարժությանը: Ակնարկելով զորահանդեսին ռուսական զորախմբի ներկայությանը` վերջինս նշել է, թե ՀՀ-ն ապացուցեց, որ ֆորպոստ է: Վերջինս նաև քննադատել զորահանդեսի ժամանակ օգտագործված ռազմական տեխնիկան:
«Անկասկած այս քարոզչական հնարքն ուղղված է ներքին լսարանին, և մի կողմից կոչված է համեմատության մեջ «ապացուցել» սեփական հանրությանը, թե իբր Ադրբեջանն ավելի կայացած և ինքնուրույն պետություն է, քան Հայաստանը, մյուս կողմից` տպավորություն ստեղծել, թե իբր հայ-ռուսական ռազմավարական դաշինքը չի կարող խոչընդոտել «Ադրբեջանի տարածքային ամբողջության վերականգնմանը»:
Վերջինս նպատակ ունի կանխել այն հուսահատությունը, որն, ամենայն հավանականությամբ արդեն իսկ առկա է ադրբեջանական հանրության շրջանում` 2010-ին հայ-ռուսական դաշինքի կնքումից հետո»,- ասաց Դ. Ջամալյանը:
Ըստ բանախոսի՝ Ադրբեջանում հստակորեն գիտակցում են այն հսկայական առավելությունները, որ տալիս է մեզ այդ դաշինքը. անհրաժեշտության դեպքում ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով դաշնակից ուժերի գործադրում, Հայաստանի ռազմական արդյունաբերության զարգացման կտրուկ խթանում, ժամանակակից սպառազինությունների մատակարարում` մատչելի գներով:
«Այս ամենն ի չիք է դարձնում Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության երազանքները, որոնք ալիևյան վերնախավը սեփական հանրությանը փորձում է ներկայացնել իբրև իրականություն: Հետևաբար ակնհայտ է, որ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը տարածաշրջանում հաստատուն կայունության հիմնական երաշխիքներից մեկն է, պատերազմը զսպող լրջագույն գործոն: Կույր ռևանշիզմով տոգորված ալիևյան վերնախավի մոտ այս հանգամանքի գիտակցումը սեփական նվաճողական նպատակները կենսագործելու անհնարինության գիտակցում, անզորության զգացողություն է առաջացնում: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել նման որակումները, որոնք արտաբերվում են դեմքի ջղաձգումները մի կերպ զսպելով»,- նշեց նա:
Փորձագետը ընդգծեց, որ նույն հնարքով Ադրբեջանում արդեն մեկ ամիս է ինչ փորձում են վարկաբեկել մեր զորահանդեսը:
«Հատկանշականն այն է, որ այս մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական փորձագիտական մտքի գեներացիայի արդյունքը եղավ այն վարկածը, թե մեր զորահանդեսին զրահատեխնիկան ներկայացվեց քարշակներով, որովհետև այն, իբր սարքին չէր: Փորձագիտական մտքի այս փայլատակումն այսօր նախագահ Ալիևը ենթարկեց ինքնատիպ իմպրովիզացիայի` նշելով, թե զրահատեխնիկայի համար վառելիք չեն ճարել:
Եվ թերևս ամենակարևորը. եթե Բաքվում նման փաստարկներով են փորձում վարկաբեկել մեր զորահանդեսը, ապա իրավամբ կարող ենք փաստել, որ Ալիևյան կլանն իսկապես մտահոգված է մեր երկրի ռազմական ներուժով»,- ասաց Դ. Ջամալյանը: