Դավութօղլու. Մինչև այս պահը ոչ մեկի օգնությունը չենք մերժել
Ըստ թուրքական «haber365.com» լրատվական կայքի` աշխատանքային այցով Սերբիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան մերժել է Վանի երկրաշարժից հետո տարբեր երկրների կողմից առաջարկված օգնությունը:
«Ես զարմացած եմ այս լուրերից: Մենք մինչև այս պահը ոչ մեկի օգնությունը չենք մերժել: Ոչ մեկի առաջ մեր դուռը չենք փակել: Ընդհակառակը, բոլոր օգնություն առաջարկողներին մեր վարչապետը շնորհակալություն հայտնեց: Մոտ 20 երկրից օգնության առաջարկ ենք ստացել և բոլորին շնորհակալություն ենք հայտնել»-,ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) օրաթերթի հոդվածագիր Զեյնեփ Գյուրջանլըն իր «Դրսից եկող օգնութունների գաղտնիքը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր այս հարցին` նշելով. «Արտգործնախարարությունը նախ բոլոր օգնության առաջարկներին «Շնորհակալ ենք, այս պահին օգնության կարիք չունենք» պատասխանելով մերժեց : Շատ լավ, այդ դեպքում ինչու՞ ընդունեցինք Ադրբեջանից ու Պակիստանից եկող օգնությունը: Եվ ի՞նչ սկզբունքով մերժվեցին մնացածները: ԱՄՆ-ը, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը առաջինը օգնության ձեռք մեկնեցին: Իսկ Հասյատանի նախագահը նույնիսկ օգնության առաջարկով նամակ ուղարկեց Գյուլին»:
Այսնուհետև հոդվածագիրը նշում է, որ այս հարցը փորձել է պարզել Թուրքիայի ԱԳՆ-ից և ստացել է հետևյալ պատասխանը .«Ադրբեջանն ու Պակիստանն առանց հարցնելու են օգնություն ուղարկել և միայն տեղեկացրել են մեզ, որ փրկարար խմբերը ճանապարհին են: Այնպես որ, մենք չէինք կարող չընդունել ուղարկված օգնությունը»: