Է.Շարմազանով. «Ժամանակն է Ադրբեջանը սթափվի»
Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը խոսեց իրադարձություններով լի այս ամսվա մասին` կարևորելով, հատկապես, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների միջև ստորագրված ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: Ինչպես նաև անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած պետական այցին.
«Երկկողմ հարաբերություններում մեզ հաջողվել է կայուն աճ ապահովել բոլոր ուղղություններով` շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, երկու երկրների միջև իրականացվում են նոր տնտեսական նախագծեր և ընդլայնվել են շփումները հումանիտար ոլորտում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայ-ռուսական հարաբերությունների մեխը հանդիսանում է ռազմատեխնիկական և քաղաքական սերտ համագործակցությունը, որի մասին նախագահ Սարգսյանը նշել է հետևյալը. «ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության շնորհիվ ստեղծվել է մարտունակ բանակ, որն ի վիճակի է Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ամբողջությամբ իր վրա վերցնել պատասխանատվությունը ԼՂՀ ժողովրդի անվտանգության համար»,- իր ելույթում նշեց պատգամավորը:
Այնուհետև անդրադարձ կատարեց Ադրբեջանի իշխանություններին.
«Ալիևյան կլանը Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու փաստը ներկայացնում է որպես մեծ հաջողություն, մինչդեռ նշեմ, որ այստեղ մենք գործ ունենք մտացածին քարոզչության հետ.
1. Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա այս փաստը չի կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և նրանց կարծիքը համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ;
2. Ոչ մշտական անդամ դարձավ նաև Պակիստանը, որի թե ներքին իրավիճակը, և թե ահաբեկիչների հետ հարաբերությունները գաղտնիք չեն, և չեմ կարծում, որ միջազգային հանրությունը նրանց համարում է կայացած պետություն;
Եվ, վերջապես, Ադրբեջանի օգտին քվեարկել են իսլամական երկրները և տասնյակ երրորդ աշխարհի երկրներ, որոնց, կարծում եմ, հրապուրել է Բաքվի նավթի կանաչ հոտը»:
Իսկ եզրափակելով իր ելույթը Է.Շարմազանովն ընդգծեց, որ թե նախագահ Սարկոզին Երևանում, և թե նախագահ Մեդվեդևը Մոսկվայում նշել են, որ արցախյան խնդիրը ունի միայն խաղաղ քաղաքական լուծում և «զինված ագրեսիան անթույլատրելի է» կոչը ուղղված է Ադրբեջանին.
«Ժամանակն է Ադրբեջանը սթափվի»,- հավելեց ՀՀԿ-ականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան