ՀՊՃՀ-ում մեկնարկել է «Ճարտարագիտական աշխարհ» ցուցահանդեսը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ), Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ու «Նեյշընլ Ինսթրումենթս» ընկերության նախաձեռնությամբ այսօր ՀՊՃՀ-ում մեկնարկել է «Ճարտարագիտական աշխարհ» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են ՀՊՃՀ բակալավրատի, մագիստրատուրայի ուսանողների և բուհի տարբեր տարիների շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ու մագիստրոսական թեզերի հիման վրա նախագծված գերժամանակակից էլեկտրոնային սարքավորումները, չափիչ սարքերը, ինչպես նաև ընկերության նախաձեռնությամբ ՀՊՃՀ ավագ դպրոցում իրականացվող ուսումնական ծրագրին մասնակից աշակերտների պատրաստած ռոբոտները: 30-ից ավելի ցուցանմուշների շարքում այցելուների ուշադրությանն էին ներկայացված նաև մի շարք դասընթացների (օրինակ` էլեկտրատեխնիկա, նյութերի դիմադրություն) ուսումնալաբորատոր աշխատանքների անցկացման համար նախատեսված ժամանակակից ստենդներ և ծրագրային միջոցներ:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա Հայաստանի երկու տեխնիկական բուհերի ռեկտորներ Արա Ավետիսյանն ու Հովհաննես Թոքմաջյանը ողջունել են նման ձևաչափով ցուցահանդեսի անցկացման գաղափարը կրթական հաստատությունում, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու պատրաստի ճարտարագիտական լուծումներ պարունակող` ուսանողների, երիտասարդ գիտնականների նորարարական ճարտարագիտական ստեղծագործությունները, այլև ևս մեկ անգամ ընդգծելու բիզնես-ընկերության` բարձրագույն տեխնիկական կրթության կազմակերպման գործընթացում ունեցած ներդրման և դերակատարման կարևորությունը: ««Նեյշընլ ինսթրումենթս» ընկերության հետ ՀՊՃՀ-ն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, որոնք իրենց մեջ ներառում են արտադրական և նախաավարտական պրակտիկաներ, Labview ուսումնական կուրսեր, բակալավրական, մագիստրոսական և գիտահետազոտական աշխատանքների իրականացում, դպրոցական նախագիծ: Կարծում եմ, որ ընկերության հետ համագործակցության հաջող փորձը և դրա արդյունքում կազմակերպված այս ցուցահանդեսը կկրի շարունակական բնույթ, և վստահ եմ, որ այն արժանի գնահատականը, որ վաստակեցին մեր ուսանողներն ու աշակերտները DigiTec EXPO-ում, կնպաստի ճարտարագիտական կրթության վարկանիշի բարձրացմանը մեր հասարակությունում»,- նշել է ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Ա. Ավետիսյանը:
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի հաղորդմամբ, ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին