«Ազատ դեմոկրատները» Մարի Յովանովիչի արգասի՞քն է
Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հաֆերնի գործունեությանը` «Голос Армении»-ն նշում է, որ դեռ դեսպան չնշանակված` Հաֆերնը գոհունակություն հայտնեց Հայաստանի ներքաղաքական հանդուրժողական մթնոլորտով` շեշտելով, որ դա նաև նախկին դեսպան Մարի Յովանովիչի արժանիքն է: «Այսինքն` Հաֆերնն անձամբ հաստատեց, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանի ներքաղաքական հարցերին է խառնվել, ինչն, իհարկե, չի մտնում դեսպանի պարտականությունների մեջ»,-նշում է թերթը և հիշեցնում, որ հենց Մարի Յովանովիչի և Տեր-Պետրոսյանի հարաբերությունների վատթարացման պատճառով հայտնվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի հիմնական կազմում նախկին ՀՀՇ-ականներն են:
«WikiLeaks-ի վերջին հրապարակումներից մեկում նշվում է, որ Դավիթ Շահնազարյանն անձամբ հանդիպել է Յովանովիչի հետ և փորձել համոզել նրան` սրտին մոտ չընդունել Արևմուտքի դեմ ուղղված Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, քանի որ դրանք արվում են ամբոխի պահանջները բավարարելու համար»,-գրում է թերթը և նշում, որ ըստ երևույթին, Դ. Շահնազարյանի բացատրությունները բավարար չթվացին Յովանովիչին և վերջինս ստեղծեց իր սեփական կուսակցությունը` «Ազատ դեմոկրատները»: