Շեվչենկոյի անվան դպրոցում լարվածությունն «այդքան էլ մեծ չէ», թեև «դրսից ինչ-որ մեկն ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ»
Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը նոյեմբերի 1-ից ունենալու է նոր տնօրեն: Թափուր պաշտոնին հավակնում է երեք հոգի, որոնցից երկուսը` տնօրենի պաշտոնակատար Էլեոնորա Թումանյանն ու դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Լիանա Ավագյանն արդեն ներկայացրել են իրենց փաստաթղթերը: Սակայն այժմ դպրոցում վիճակը, ըստ ծնողների և ուսուցիչների, ովքեր նամակ են տարածել տարբեր լրատվամիջոցների, լարված է:
Նշենք, որ նախկին տնօրեն Զեմֆիրա Պողոսյանը թոշակի է անցել, ու օգոստոսի 5-ից ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էլեոնորա Թումանյանը:
«Չգիտեմ, թե ում է պետք ավելորդ լարվածություն ստեղծել դպրոցում: Այն, ինչ նկարագրել են նրանք, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, նաև տնօրենի պաշտոնին հավակնող փոխտնօրեն Լիանա Ավագյանի, ինչպես նաև ծնողների: Ժխտում եմ, որ այդքան մեծ լարվածություն կա դպրոցում»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էլեոնորա Թումանյանը:
Մեզ հետ զրույցում դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Աիդա Շահվերդյանն էլ ասաց, որ եթե խնդիր կա, ապա դա թող ոչ ծնողներին, ոչ էլ աշակերտներին հետաքրքրի: «Ոչ մի ուսուցիչ, եթե իսկապես մանկավարժ է, թույլ չի տա աշակերտին խառնվել նման գործի: Եթե մենք խնդիր ունենանք, ինքներս էլ կլուծենք»,- ասաց նա, ապա հավելեց. «Բնականաբար, կան տարաձայնություններ: Եթե երկու, երեք հոգի պայքարում են մի տեղի համար, ամեն մեկն ունենում է իր կողմնակիցները: Բայց դա մեր ներքին խոհանոցն է, ու մենք պետք է հարթենք»: Նա նույնիսկ հավանական է համարում, որ դրսից ինչ-որ մեկն ուզում է «պղտոր ջրում ձուկ որսալ». «Մեկին երևի ձեռ է տալիս, որ խորացվի առկա տարաձայնությունները: Արդեն խորացված է, թող էլ չխորացնեն»: Նա նշեց, որ բոլոր հարցերի պատասխանը կտրվի նոյեմբերի 1-ին՝ ընտրության օրը: Ընտրությանը մասնակցելու են՝ երեք հոգի ԿԳ նախարարի կողմից, մեկ հոգի` Երևանի քաղաքապետի կողմից, երկու հոգի՝ ծնողական խորհրդի կողմից, երկու հոգի` մանկավարաժական խորհրդի կողմից: Նախարարության կողմից նույնպես ներկայացուցիչ է լինելու ընտրություններին և հավակնորդները: Հավակնորդները ներկայացնելու են իրենց ծրագրերը, փաստաթղթերը: Փակ քվեարկության արդյունքում էլ պարզ կդառնա՝ ով է լինելու Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի տնօրենը:
Է. Թումանյանն ասաց, որ խոսակցություններ տարածողները, թե իբր դպրոցում խնդիրներ կան, տնօրենը վատ է վարվում ուսուցիչների հետ և այլն, «հոգեկան հիվանդներ են, անխելք, անսկզբունք, էթիկայի, դպրոցների, օրենքների մասին, իրենց սեփական իրավասությունների մասին անտեղյակ մարդիկ են»: «Լուրջ, ինչ-որ մեղադրանք չեն կարող ինձ ներկայացնել ու մեղադրում են այսպիսի անլուրջ ու անհիմն բաներում: Աշխատում ենք, առջևում մրցույթ է ու ամեն ինչ այդ մրցույթը ցույց կտա: Իհարկե, տհաճ է լսել այս ամենը: Ես հանգիստ եմ, քանի որ որևէ անտակտ, անօրեն, վիրավող քայլ դպրոցում ինձ թույլ չեմ տվել»,- ասաց Է. Թումանյանը, ով 2003 թվականից անդամակցում է ՀՀԿ-ին: Իր ներկայացմամբ, ունի մանկավարժական կրթություն` պատմության ու անգլերենի մասնագետ է, 35 տարվա ստաժ, որից 27-ը՝ մանկավարժի: Աշխատել է տարբեր դպրոցներում:
Ինչպես գիտենք, նախօրեին մեկնարկել է աշնանային արձակուրդները, այդ իսկ պատճառով մենք դպրոցում չգտանք «դժգոհող» ուսուցիչներից որևէ մեկին:
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեև ծանոթ չէ խնդրին, նոր է իմացել դպրոցում տիրող իրավիճակի մասին, միաժամանակ հավելեց, որ դպրոցի ուսուցիչները եկել էին նախարարություն ու ասում էին, որ «մեր տնօրենին չնեղացնեք, չար մեկը փորձում է մեր դպրոցի մթնոլորտը փչացնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան