Վ.Դալլաքյանը, ֆուտբոլն ու Իռլանդիայի նախագահին հասցեագրված նամակը
«Իռլանդիա- Հայաստան հանդիպման ոչ ֆուտբոլային, բայց առանցքային դրվագը խաղից առաջ Իռլանդիայի նախագահի խաղադաշտ իջնելը և ընդունված կարգով ֆուտբոլիստներին ու մրցավարներին արդար մրցակցություն մաղթելն էր, որով նախագահը կամա թե ակամա դարձավ արդար խաղի երաշխավորը»,- շեղվելով Թռչկանի թեմայից, որն այսօրվա հայտարարությունների ժամին բազմիցս բարձրաձայնվեց, ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Հիշեցնելով դահլիճում ներկա պատգամավորներին ու նաև ռադիոյով լսող հանրությանն այն մասին, որ մեր հավաքականը տուժեց անարդար մրցավարությունից, Վ.Դալլաքյանը հիշեցրեց նաև Իռլանդիա-Ֆրանսիա 2009թ-ի հանդիպումը , երբ դարձյալ առկա է եղել ձեռքով խաղ: Ավելին` 2009-ին Իռլանդիա- Ֆրանսիա խաղից հետո Իռլանդիան կառավարության մակարդակով Ֆրանսիայից պահանջում էր հանդիպման վերախաղարկում: Արդյունքում, ընդգծեց Վ.Դալլաքյանը, Ֆրանսիայի նախագահը Իռլանդիայից ներողություն խնդրեց, որին ի պատասխան Իռլանդիայի վարչապետը պնդելով խաղը վերախաղարկելու պահանջը հայտարարեց ` «Արդար խաղի սկզբունքը պետք է լինի ֆուտբոլի հիմքում»:
«Ուստի քաղաքացիական նախաձեռնության կարգով հայ ֆուտբոլասերները կարող են դիմել Իռլանդիա- Հայաստան մրցամարտի արդարության երաշխավորի դերը, փաստորեն, ստանձնած Իռլանդիայի նախագահին, որպեսզի վերջինս հորդորի իր երկրի ընտրանուն` քննարկելու Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վերախաղարկելու հարցով ՈՒԵՖԱ-ին դիմելու խնդիրը»,- հայտարարեց պատգամավորը:
Այնուհետ նա ընդգծեց, որ Հայաստանի վարչապետը ևս, հետևելով իր պաշտոնակցի օրինակին, կարող է դիմել Իռլանդիայի վարչապետին` Իռլանդիա- Հայաստան խաղը վերախաղարկելու վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու առաջարկությամբ.
«2010-ին աշխարհի առաջնությունում ֆրանսիացիների ձախողումից հետո ֆրանսիական պառլամենտում կազմակերպեցին փակ լսումներ, իսկ այդ հարցը համատեղ քննարկեցին Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Իսկ 2014թ-ի Բրազիլիայում կայանալիք աշխահի առաջնության կազմկոմիտեում Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահը չէր ընդգրկել Պելեին, որին ի պատասխան Բրազիլիայի կին նախագահը Պելեին նշանակեց աշխարհի առաջնությունում Բրազիլիայի դեսպան` մատ հայտարարելով կոնֆեդերացիայի տղամարդ նախագահին: Միայն միամիտները կարող են գայթակղվել բարոյական հաղթանակներ տանելու տեսլականով կամ գերագնահատել առաջարկվող քայլերի էֆեկտիվության հնարավոր հետևանքները»,- թվարկելով այս փաստերը նշեց բանախոսն ու ավելացրեց, որ այդօրինակ մտայնությունը նույնքան պարզունակ է, որքան որևէ քայլ չկատարելը և անարդարության հետ համակերպվելը:
«Հայաստանը պետք է կատարի ֆուտբոլային բնույթի շախմատային քայլեր` ելնելով թեկուզև հետագայում մեր հրաշալի հավաքականին անարդարությունից հնարավորինս զերծ պահելու անհրաժեշտությունից»,- եզրափակեց իր ելույթը ԱԺ հնաբնակը:
Ի դեպ Վ.Դալլաքյանը շուրջ 10 օր առաջ հանդիպել է երկրպագուների «Ֆան» շարժման ներկայացուցիչների և մարզական լրագրողների հետ և այդ հանդիպմանը երկրպագուներին է ներկայացրել Իռլանդիայի նախագահին ուղղված բաց նամակի մի տեքստ` այն ակնկալիքով, որ ֆուտբոլային երկրպագուներն ու նաև մարզական լրագրողները քննարկեն ու վերջնական տեսքի բերելով այն ուղարկեն հասցեատիրոջը: Սակայն մինչ այսօր, ինչպես տեսնում ենք, հայ ֆուտբոլասերների այն հատվածը, որ իրեն ամենից ակտիվն է համարում ու տեղավորում «Ֆան» շարժման շրջանակներում, որևէ տեղեկություն չի ներկայացրել հանրությանը` ուղարկվե՞լ է, ի վերջո այդ նամակը արդարության ջատագով Իռլանդիայի նախագահին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում