Պինկաս Ցուկերմանը հանդես է գալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու լեգենդար ջութակահար, «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի համերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) հետ: Համերգը տեղի է ունենալու «Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում:
Այս մասին ասուլիսում ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
«Երջանիկ եմ, քանի որ մարդը, ով այնքան էլ հեշտությամբ չի գնում այլ երկրներ մենահամերգներով, ընդունեց մեր առաջարկն ու հանդես կգա մեր նվագախմբի հետ»,- ասաց նա` հավելելով, որ այսօրվա փորձն անցել է շատ լավ ու բավականին կարճ է եղել, քանի որ բոլորն էլ իրենց գործի պրոֆեսիոնալներն են:
Խոսելով այսօրվա համերգի մասին, լեգենդար ջութակահար Պ. Ցուկերմանն ասաց, որ ելույթ է ունենալու «հրաշալի նվագախմբի հետ»: Նշենք, որ ծրագրում հնչելու է Մաքս Բրուխ (Ջութակի կոնցերտ թիվ 1 սոլ մինոր, ընտրել է անձամբ Ցուկերմանը), Ջուզեպպե Վերդի (Նախերգանք «Ճակատագրի ուժը» օպերայից), Պ.Ի.Չայկովսկի (Սիմֆոնիա թիվ 6, սի բեմոլ մինոր «Պաթետիկ»):
Լեգենդար ջութակահարն ասաց, որ ուրախ է վերադառնալ Հայաստան («Երևանյան Հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում սա երաժիշտի երկրորդ այցն է Հայաստան), մեկ ու կես տարի առաջ է եղել այստեղ ու, ըստ նրա, Երևանն ավելի գեղեցկացել ու կենդանցել է:
Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» (նախկին «21-ի հեռանկարներ») երաժշտական միջազգային փառատոնի 12-րդ համերգաշրջանը մեկնարկել է հունիսի 3-ից: Համերգաշարի ընթացքում հայ հանդիսականի համար ելույթ են ունեցել «Քինգզ Սինգըրս» բրիտանական վոկալխումբը, «Academy of Saint martin in the Fieldsե» կամերային նվագախումբը, «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախումբը, Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, ավստրիական «Հագեն» լարային քառյակը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում