Քադաֆիի ընտանիքն հայց է ներկայացնելու Հաագայի միջագային դատարան
Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի ազգականներն ու հարազատները որոշում են կայացրել դիմել Հաագայի միջազգային քրեական դատարան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Քադաֆիի ընտանիքի փաստաբան Մարսել Սեսալդին, մեկնաբանելով հավանական հայցը, ասել է. «Հայց ենք ներկայացնելու ռազմական հանցագործության փաստի առնչությամբ, քանի որ նրանց (Քադաֆիի հարազատներին խմբ.) հայտնի են Քադաֆիի սպանության հանգամանքները: ՆԱՏՕ-ի ուղղաթիռները կրակ են բացել Քադաֆիին ուղեկցող ավտոշարասյան ուղղությամբ, մինչդեռ այն ոչ մի վնաս չէր ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Այդ ամենը եղել է Հյուսիս-ատլանտյան դաշինքի կողմից ծրագրված առաջնորդի վերացմանը միտված օպերացիա», - ասել է փաստաբանը:
Իրավաբանը նաև իր զարհուրանքն է հայտնել Քադաֆիի դիակի նկատմամբ խոշտանգումների փաստի առնչությամբ:
Հիշեցնենք, Մուամար Քադաֆին սպանվել էր հոկտեմբերի 20-ին Սիրթ քաղաքում այն բանից հետո, երբ Ազգային անցումային խորհրդի զինյալներին հաջողվել էր գրավել քաղաքը: Համացանցում հայտնված բազմաթիվ տեսագրությունների վկայությամբ, Քադաֆին նախ գերեվարվել էր, ապա հրազենից արձակված կրակի արդյունքում զոհվել:
Մուամար Քադաֆիի մարմինը հողի է հանձնվել երեկ անհայտ վայրում, ենթադրաբար` անապատում: Նման որոշումն ընդունվել էր Ազգային անցումային խորհրդի կողմից գնդապետի գերեզմանը ուխտագնացության վայր չդարձնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու