Պարտադրված օրենքները խախտում են մարդու իրավունքները. ՄԻԵԴ-ը բավարարել է Թուրքիայի դեմ Աքչամի հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 25-ին բավարարել է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի կողմից Անկարայի դեմ ներկայացրած հայցը և վճռել, որ Հայոց ցեղասպանության հարցի ազատ քննարկումը չի կարող հանցագործություն համարվել: Այդ մասին գրում է «Ասպարեզ»-ը:
Նշենք, որ 2007-ին Թաներ Աքչամը ՄԻԵԴ-ում հայց էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի` պնդելով, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, մասնավորապես` պատիժների օրինականության, խոսքի ազատության և խտրականության վերաբերյալ հոդվածներին:
Հոկտեմբերի 25-ին ՄԻԵԴ-ը համաձայնել է Աքչամի այն պնդմանը, թե Թուրքիայի իշխանությունների կողմից պարտադրված օրենքները խախտում են մարդու ազատ արտահայտման իրավունքը:
Հիշեցնենք, որ դեռևս 2006 թվականին Աքչամի հանդեպ այս հոդվածով գործ էր հարուցվել, երբ «Ագօս» թերթում հրապարակվել էր վերջինիս հեղինակած «Հրանտ Դինքը, 301-ը և մի մեղադրանք» հոդվածը:
Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն թուրք ազգի ինքնությունը վիրավորելու համար: Այս հոդվածը, որով դատական հետապնդումների են ենթարկվել Թուրքիայի մի շարք առաջադեմ մտավորականներ, այդ թվում Հրանտ Դինքը և գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, բազմիցս քննադատվել է Եվրամիության պատասխանատուների կողմից` խոսքի ազատությունը սահմանափակելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին