Նոյեմբերի 15-ից կմեկնարկի «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը հիմնել են «WebԾիրան» համահայկական կինոփառատոնը, որը կմեկնարկի նոյեմբերի 15-ից: Այսպիսով, փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են միայն webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:
A. M. Media Production ընկերության և webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը նշեց, որ Հայաստանում աշխատելու որոշակի փորձ արդեն ունեն. աշխատել են հայ ռեժիսորների այնպիսի ֆիլմերի հետ, որոնք հայտնի չէին հայ հեռուստադիտողին։ «Ահա ինչու միտք առաջացավ անցկացնել օնլայն կինոփառատոն։ Այսօր ցանկացած ֆորմատով նկարահանված ֆիլմ, եթե ֆորմատը ինտերնետ հեռարձակումն է, ոչ թե միջազգային փառատոններին ներկայացնելը, կարող է մասնակցել այս փառատոնին, սա նաև կրթական ծրագիր է, փառատոնը միտք ունենք անցկացնել երեք-չորս ամիսը մեկ»,- նշեց նա:
Ըստ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի` այսօր մարդկանց մեծ մասը հեռուստացույց չի նայում, համակարգչով են տարված: Այդտեղից էլ ծնվել է փառատոնի գաղափարը՝ մեկնարկել օնլայն կինոփառատոն, առաջին հերթին, հենց այդ մարդկանց համար:
Կինոռեժիսորի խոսքերով` փառատոնը նաև նոր սերնդին առաջ մղելու համար է: «Արդեն փառատոններ կան, որ վերցնում են այս ձևաչափով ֆիլմեր, միգուցե մենք էլ «Ոսկե ծիրան» փառատոնում տեղ կհատկացնենք նաև այսպիսի նոմինացիաներին, այս փառատոնում չկա ժյուրի, չկա ծանոթ-բարեկամ և չկա կողմնապահություն, ժյուրին լինելու է դիտողը և քվեարկողը»,- ընդգծեց Հ. Խաչատրյանը:
Նշենք, որ մրցույթին ներկայացված ֆիլմերը պետք է լինեն 2-20 րոպե տևողությամբ` առանց ժանրային սահմանափակման, նաև` կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով:
Յուրաքանչյուր ֆիլմ ցուցադրվելու է հինգ օր անընդմեջ: Այդ ընթացքում տեղի է ունենալու քվեարկություն webtv.am ինտերնետ հեռուստատեսության կայքում և Facebook սոցիալական ցանցում: Սահմանված է երկու մրցանակ. գլխավոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին, և խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հաղթողները պարզ կդառնան դեկտեմբերի 25-ին:
Նշենք, որ փառատոնի գլխավոր հովանավորը VivaCell-MTS ընկերությունն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան